«Իսկ սահմանադրությու՞նը». ՀՀԿ–ն դժգոհ է ընտրական օրենսգրքի նախագծից

Հայաստանի հանրապետական կուսակցությունը դեմ է իր իսկ ստեղծած Ընտրական օրենսգրքի դրույթներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի — Sputnik. Ազգային ժողովը չպետք է «մեկ դերասանի թատրոն» դառնա։ Այս մասին այսօր ասաց Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը։

Հանձնաժողովի նիստի ժամանակ քննարկվեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը։ Ավարտին մոտեցող վիճաբանությանը միացավ նաև արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։

ՀՀԿ–ն ներկայացնող Կոստանյանը նշեց, որ իշխող կուսակցության պատգամավորական մանդատների առավելագույն թիվը պետք է նվազեցնել։

«Ինչո՞ւ։ Որովհետև փոքրամասնությունը պետք է կարողանա ինչ–որ բանի վրա ազդել։ Ասենք, ընդդիմությունն ունենա մանդատների մեկ երրորդը։ Բայց մեկ երրորդը ոչ մի բանի վրա չի կարող ազդել», – ասաց Կոստանյանը։

Այսինքն` մեկ կուսակցությունը տեսականորեն կարող է միաձայն փոխել Սահմանադրությունը։

Արդարադատության նախարարը կարծում է, որ ժողովուրդը պետք է որոշի` ինչ հարաբերակցությամբ են կուսակցությունները ներկայացվելու խորհրդարանում։

«Դրա համար կստեղծվեն բոլոր պայմանները», – ընդգծեց Զեյնալյանը։

Հիշեցնենք` Ընտրական օրենսգիրքն իր ներկայիս տեսքով ստեղծել ու ընդունել է ՀՀԿ անդամներից ձևավորված կառավարությունը։ Հենց այն ժամանակ էին հանրապետականները սահմանել պատգամավորների այն հարաբերակցությունը, որի մասին հիմա այդքան անհանգստանում են։

ՀՀԿ–ն իր գործող նախագահով չի կարողանա մտնել Ազգային ժողով. Բադալյան

Քննարկումների արդյունքում հանձնաժողովը միաձայն հավանություն տվեց Ընտրական օրենսգրքի փոփոխություններին ու կից օրենքներին։ Նախագծի համաձայն` առաջարկվում է թողնել միայն համամասնական ընտրական համակարգը` բացառելով տարածքային ցուցակներով քվեարկությունը։ Խորհրդարան անցնելու համար կուսակցությունները պետք է հավաքեն քվեների առնվազն 4%–ը, իսկ քաղաքական դաշինքները` 6%–ը։

Հիշեցնենք` ԱԺ արտահերթ ընտրությունները կկայանան վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ, որը կարողացավ հասնել խորհրդարանի աջակցությանը։ Ըստ գործող օրենսդրության` ընտրությունները պետք է կայանան դեկտեմբերի սկզբին։