ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի — Sputnik. Արտահանման ծավալը ընթացիկ տարվա 9 ամիսներին արդեն գերազանցել է անցած տարվա ցուցանիշը։ Երևանում հրավիրված ասուլիսի ընթացքում այս մասին հայտնեց «Բիզնես Արմենիա» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։
«Ընթացիկ տարվա առաջին 9 ամիսներին կնքվել է 5,9 միլիարդ դրամի արտահանման պայմանագիր, 2017թ-ի տարեկան ցուցանիշը միաժամանակ կազմել է 5,7 միլիարդ դրամ։ Հետևաբար, մենք արդեն գերազանցել ենք անցած տարվա ցուցանիշը։ Եվ ակնկալում ենք այս տարի հասնել 7 միլիարդանոց շեմի», — ասաց նա։
Ավակյանը նաև հայտնեց, որ 46 միլիոն դոլար ներդրումներ ներգրավելու նպատակին գրեթե հասել են։ Նրա խոսքով` արդեն կա 17 միլիոն դոլարի պայմանագիր, ակնկալվում են ևս 28 միլիոն դոլարի ներդրումներ։
«Մեկ միլիոնը գրեթե ոչ մի բան չի փոխում։ Եթե մենք մի քիչ ավելի համառ լինենք, ապա կհասնենք 46-միլիոնանոց նշաձողի», — ընդգծեց հիմնադրամի տնօրենը։
Նա կարծում է, որ կարճաժամկետ ներդրումների տեսանկյունից Հայաստանի ներուժը մեծ է, և անհրաժեշտ է այն ավելացնել նաև երկարաժամկետների հարցում։
Ավակ Ավակյանը նաև նշեց ներդրողների համար գերակա ուղղությունները` զբոսաշրջություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ և գյուղատնտեսություն։ Ներդրողները նաև հետաքրքրություն են դրսևորում բարձր տեխնոլոգիաների ոլորտի, վերականգնվող էներգետիկայի նկատմամբ։
Ինչ վերաբերում է ներդրումների հոսքին, որը կառավարությունն ակնկալում էր Երևանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակում անցկացված տնտեսական համաժողովից հետո, Ավակյանը կարծում է, որ դեռ վաղ է խոսել կոնկրետ ծրագրերի մասին։ Նա հանդիպել է ֆորումի գրեթե բոլոր մասնակիցների հետ և նրանց ներկայացրել Հայաստանի հնարավորությունները։
«Հետաքրքրություն է դրսևորել ֆրանսիական Poma ընկերությունը, ես խնդրել եմ նրանց նյութեր տրամադրել մյուս երկրներում տնտեսական գործունեության մասին և տվյալներ այն մասին, թե ինչպես է այն ազդել ՀՆԱ աճի վրա։ Երբ ամեն ինչ ստանանք, կքննարկենք կառավարության հետ և կշարժվենք առաջ», — ասաց նա։
Poma ընկերությունը ճոպանի տրանսպորտային համակարգերի մշակման, պատրաստման, առաքման, շահագործման և սպասարկման շուկայում համաշխարհային առաջնորդներից է։ Ոլորտի խոշորագույն ընկերություններից մեկն ավելի քան 7800 ճոպանուղիների և տարատեսակ ատրակցիոնների հեղինակն է աշխարհով մեկ սփռված հանգստյան գոտիներում։