Ալավերդու գործարանը փակվեց. 500 գործազուրկ փակել են միջպետական ճանապարհն ու երկաթգիծը

Այսօր առավոտից Ալավերդի քաղաքում լարված իրավիճակ է։ Մի քանի օրվա ընթացքում 500 ալավերդցի զրկվել են աշխատանքից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի — Sputnik. Ալավերդցիներն այսօր առավոտից հերթական բողոքի ակցիան են կազմակերպել` պահանջելով չդադարեցնել «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ին պատկանող Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատանքը։

Այդ պահանջով նրանք փակել են միջպետական Մ6 ավտոճանապարհն ու երկաթգիծը:

Քաղաքական գործի՞չ, թե՞ ջրագող. ի՞նչ է կատարվում Արթուր Բաղդասարյանի հետ կապվող գործարանում

Գործարանն աշխատանքը դադարեցնելու որոշում է կայացրել Բնապահպանության և ընդերքի տեսչական կոմիտեի փորձաքննության և դրա հետևանքով ձեռնարկված միջոցների հետևանքով։

Հիշեցնենք` հունիսի 15-16-ին Ալավերդու պղնձաձուլական գործարանի մետալուրգիական արտադրամասի ծխնելույզից դուրս եկող արտադրական ծխի՝ քաղաք լցվելու մասին Ալավերդու քաղաքացիներն ահազանգել էին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։

Ալավերդիում իրականացված մթնոլորտային օդի մոնիթորինգի արդյունքում արձանագրվել է, որ ծծմբի երկօքսիդի պարունակությունը քաղաքի օդում մի քանի անգամ գերազանցել է սահմանային թույլատրելի քանակը։

Առավել բարձր գերազանցումներ դիտվել են հունիսի 15-ին (12,5 անգամ) և 16-ին (10,4 անգամ):

Ի դեպ, հոկտեմբերի 11-ին Ալավերդու պղնձաձուլական գործարանի ղեկավարությունը գործարանում կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարել էր, որ կառավարությունից պահանջում է թույլ տալ մինչև 6 անգամ գերազանցել թույլատրելի արտանետումները և դրա դիմաց տուգանքներ չկիրառել։ Հակառակ դեպքում սեփականատերը սպառնացել էր դադարեցնել պղնձաձուլական գործարանի աշխատանքը, ինչն այսօր իրականացրել է։

Գործարանի փակման արդյունքում ավելի քան 500 աշխատող գործազուրկ կդառնա:

«Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ին պատկանող գործարանը ճգնաժամի մեջ է հայտնվել կառավարության կողմից մոտ 800 հազար դոլարի չափով տուգանվելուց հետո: