Գագիկ Ծառուկյանը 1 միլիարդ դոլարից ավելի ներդրում է խոստանում, բայց բիզնեսով չի զբաղվելու

Ծառուկյանն իր բիզնեսները հանձնել է կառավարման, և որոշել մնալ քաղաքականության մեջ։ Այս մասին նա այսօր հայտարարել է գործարանի բացման ժամանակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. Գագիկ Ծառուկյանը բիզնեսով չի զբաղվում։ Այսօր, «Օմնիա Թեք» ընկերության և «Մուլտի Գրուպ» կոնցեռնի համագործակցությամբ Հայաստանում Մայնինգ ֆերմայի բացման հանդիսավոր արարողությանը լրագրողներին հայտնեց «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը։

ԲՀԿ–ն այլևս ընդդիմություն չէ կամ ինչպես երեք րոպեում անցնել «դու»–ի

«Մենք Նիկոլ Փաշինյանի հետ հուշագիր ենք ստորագրել, որ ես բիզնեսով չեմ զբաղվում, ես իմ բիզնեսները տվել եմ կառավարման»,– ասաց նա։

Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին լրագրողների հարցերին  ԲՀԿ առաջնորդը չցանկացավ պատասխանել։

«Մենք ասելու ենք մեր մոտեցումները, տեսակետները, մեր ծրագիրը։ Ինչքան կա մեր նկատմամբ ժողովրդի վստահությունը, այնքան էլ իրենց ձայները կտան»,- ասաց Ծառուկյանը։

Փոխարենը Գագիկ Ծառուկյանն անթաքույց խոսեց բիզնես ծրագրերից` հստակ նշելով, թե որքան ներդրում է իրականացվելու առաջիկայում։

«Ներդրումների չափն այս պահի դրությամբ 50 մլն ԱՄՆ դոլար է, բայց դա դեռ ամբողջը չէ, իրենք պետք է մնացած ներդրումն անելու համար համաձայնեցնեն օրենքների հետ։ Մոտավորապես 40 երկրից մարդ կգա։ Մենք իրենց պետք է ճիշտ ընդունենք, ծանոթացնենք, որ մարդիկ ապահով լինեն, գան, ներդրումներ անեն»,– ասաց Ծառուկյանը։

Ծառուկյանը, ինսայդերական տեղեկությունն ու Պուշկինը. ձայն բարբառո անապատի

Ներդրողների հիմնական մասը, Ծառուկյանի խոսքով, Հայաստան կժամանեն վաղը` տեղում ծանոթանալու առկա պայմաններին ու հնարավորություններին, նաև հանդիպելու ու մի շարք տնտեսական հարցեր քննարկելու կառավարության պատասխանատու անդամների հետ։

Գագիկ Ծառուկյանը նաև հայտնեց, որ այս տարվա ընթացքում նախատեսվում է ևս երկու գործարան բացել` արևային պանելների և սրբիչների։ Իսկ հաջորդ տարվա համար նախատեսված է «Տեքստիլի քաղաք» նախագծի իրականացումը, որի ներդրումը շուրջ 1 մլրդ դոլար է հաշվարկված։

Այս բոլոր գործարանների բացմամբ Գագիկ Ծառուկյանը խոստանում է մի քանի հազար նոր աշխատատեղեր ստեղծել։