ՀՀ արտգործնախարարը մեկնաբանեց ԱՄՆ դեսպանի աղմկահարույց հայտարարությունը

Երևանը ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ աշխատելու է նախկին դիրքորոշման շրջանակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը չի փոխում Հայաստանի արտաքին քաղաքականությունը։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։

Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ դեսպանի հայտարարությունը հեռացող դեսպանի հեռացող մեսիջ է համարում

Ավելի վաղ ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսը հարցազրույցներից մեկում ասել էր, որ ցանկացած կարգավորում պահանջում է գրավյալ տարածքների մի մասի վերադարձ։

Հարցին` արդյո՞ք այդ հայտարարությունը Մնացականյանի համար անսպասելի էր, նա պատասխանեց. «Մենք նման կատեգորիաներով չենք մտածում։ Մեր առջև կա արտաքին քաղաքական օրակարգ, որը մենք զարգացնում ենք»։

Նա ընդգծեց, որ Հայաստանը չի փորձում սառեցնել բանակցային գործընթացը։ Վերջին հինգ ամսվա ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները երկու անգամ հանդիպել են, իսկ ՀՀ վարչապետը հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ։