ՀՀԿ-ական նախկին պատգամավորը դատի է տվել Սերժ Սարգսյանին. «Ժողովուրդ»

Հետաքրքիր է՝ ինչու 5 ամիս առաջ նրա մտքով էլ չէր անցնում դատի տալ Սերժ Սարգսյանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ հոկտեմբերի 15-ին ՀՀ Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը դիմել է ՀՀ վարչական դատարան` ընդդեմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ կառավարության, որի մասին հրաժարվեց խոսել: Նա իր հայցով պահանջում է, որ դատարանը ՀՀ նախագահի 2013 թվականի հոկտեմբերի 15-ի հրամանագիրը առ ոչինչ ճանաչի:

«Եվ հիմա ՀՀ վարչական դատարանի դատավոր Միքայել Մելքումյանը պետք է որոշի՝ վերականգնե՞լ Դանիելյանին դատախազի տեղակալի պաշտոնում, թե՞ ոչ: Այս հայցն ուշագրավ է այնքանով, որ Արմեն Դանիելյանը նախկինում ՀՀԿ խմբակցության պատգամավոր էր, 2008 թվականի մարտի 1-ին եղել է խորհրդարանում, վավերացրել աղմկահարույց որոշումները՝ ընդդեմ ՀՀ քաղաքացիների, Սերժ Սարգսյանի իշխանության օրոք նշանակվեց դատախազի տեղակալ՝ կոռուպցիոն գծով, բայց այդպես էլ աղմկահարույց կոռուպցիոն մեխանիզմներ չբացահայտվեցին»,- գրում է թերթը:

Հոդվածագրին հետաքրքրում է՝ ինչու 5 ամիս առաջ Դանիելյանի մտքով չէր անցնում դատի տալ Սերժ Սարգսյանին:

«Թերևս համարձակությունը չէր բավարարում այդ հանդգնության համար: Ինչպես ասում են, եզը որ ընկնում է, դանակավորները շատանում են»,- գրում է թերթը: