Նոր մանրամասներ Գյումրիում պոլիէթիլենային տոպրակում հայտնաբերված երեխաների մասին

Գիշերօթիկ հաստատության բակում հայտնաբերված երեխաները մաքուր հագուստով են եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության բակում հայտնաբերված երեխաներն այս պահին առողջ են ու ապահով։

Որդեգրման բում Գյումրիում. բազմաթիվ մարդիկ ուզում են օթևանել հայտնաբերված նորածիններին

Նրանք հատուկ հաստատություններից մեկում են։

Sputnik Արմենիային այս մասին հայտնեց Շիրակի մարզպետարանի երեխաների, կանանց և ընտանիքի իրավունքների բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը։

Հոկտեմբերի 17-ին, ժամը 19:30-ին hաստատության պահակը` Մնացական Առաքելյանը, գիշերօթիկ դպրոցի բակում դեղին տոպրակ է տեսել։ Քամի չի եղել, բայց նա նկատել է, որ տոպրակը շարժվում է։ Պահակը բացել է ու տեսել, որ տոպրակում 2 նորածիններ են։ Բացի պահակից, երեխաներին անմիջապես տեսել են ինչպես հաստատության աշխատակիցները, այնպես էլ սաները:

Детский дом №2 им. Фритьофа Нансена, Гюмри

«Հաստատության համար աշխատանքային ժամ էր, և բոլոր դաստիարակներն այդ ժամին հաստատությունում էին, աշխատանքային պրոցեսի մեջ: Կենտրոնական մուտքը բաց էր: Պահակը երեխաներով տոպրակը բերեց ներս ու զանգեց ինձ»,-Sputnik Արմենիային պատմեց հաստատության տնօրեն Անահիտ Կարապետյանը:

Գյումրու գիշերօթիկ հաստատության բակում գտնված նորածինների մայրը հայտնաբերվել է

Տնօրենն անմիջապես զանգել է ՀՀ ոստիկանության անչափահասների բաժին։ Տեղեկացվել են նաև Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը և համայնքի հոգաբարձության ու խնամակալության մարմինը: Համապատասխան գործողություններն իրականացնելուց հետո երեխաները տեղափոխվել են մեկ այլ հաստատություն:

Մեր այն հարցին, թե ինչ վիճակում էին երեխաները հայտնաբերվելու պահին, Կարապետյանն ասաց, որ մաքուր հագուստներով էին, նույնիսկ նոր փոխված տակդիրներով ու կուշտ:

«Երեխաները խնամված էին։ Մեզ մոտ գործընթացը մոտ 2 ժամ տևեց, իսկ նրանք շատ հանգիստ էին, ուտել չէին ուզում: Առաջին հայացքից երկվորյակ եղբայրներ են, նրանցից մեկը բավականին ակտիվ էր, մյուսը քնած էր: Շապիկներ, տոտիկներ կային նրանց հագին ու փաթաթված էին: Նույնիսկ նորածիններին բնորոշ կարմիր հետքեր չունեին մաշկի վրա: Հավանաբար մոտ 12-14 օրական էին»,- ասաց տնօրենը։

Նրա խոսքով` հագուստից կարելի էր ենթադրել, որ անտարբերության մատնված երեխաներ չեն եղել։

Директор детского дома №2 им. Фритьофа Нансена Анаит Карапетян

Ի դեպ, տոպրակում ոչ մի գրություն ու երկտող չի եղել: Թեև այդ ժամին բոլորը հաստատությունում արթուն են եղել, բայց ոչ մեկը չի նկատել, թե ով է երեխաներին բերել. խնամքի հաստատությունը տեսագրող սարքեր չունի:

Երեխաների խնամքի և պաշտպանության հաստատության տնօրենը վստահեցնում է՝ թեև աշխատանքի բերումով շատ ճակատագրերի ու դեպքերի է հանդիպել, բայց այս մեկը բոլորովին այլ էր:

«Ոչ միայն մենք` մեծահասակներս էինք հուզված, այլ նաև սաներն էին լաց լինում, գալիս էին, ուզում էին սիրել ու տեսնել երեխաներին, բայց ամենավատ վիճակում պահակն էր ու մեր սաներից մեկը` 17 տարեկան տղան, որը, փորձելով հուզմունքը թաքցնել, բավական վատ վիճակում հայտնվեց, և նրա համար նույնիսկ ստիպված էինք շտապօգնություն կանչել»,- ասաց Կարապետյանը:

Թե ինչու են երեխաներին բերել հենց այդ հաստատություն, այս պահին կարելի է միայն ենթադրել. ավելի ապահով է:

Հաստատության տնօրենն ուրախ է, որ երեխաները շուտ են հայտնաբերվել ու երկար չեն մնացել դրսում: