ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik. Ոչ մի դեպքում պետք չէ պատասխանել Facebook–ի անունից ստացվող, բայց իրականում՝ կեղծ ծանուցումներին։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցին ասաց տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ Իր էջում նա տեղադրել է նման հաղորդագրության օրինակ։
Մարտիրոսյանը նշեց, որ վերջին շրջանում սոցիալական ցանցերում հաղորդագրություններ են տարածվում Facebook ըքաունթի անվտանգությունը վերականգնելու խնդրանքով։ Ընդ որում` հայ օգտատերերին դրանք գալիս են հայերենով։
Առաջարկում են «անվտանգությունը վերականգնել» հղումով, որը բոլորովին էլ անվտանգ չէ։
Այստեղ գողանում են Facebook–ի անձնական էջերի տվյալները, այսինքն ֆիշինգային հարձակում են կատարում։
Նման հաղորդագրությունները «կարված են սպիտակ թելերով», նշում է Մարտիրոսյանը։
Գլխավորը` Facebook–ը երբեք չի շփվում օգտատերերի հետ անձնական հաղորդագրությունների միջոցով։
Այդ հաղորդագրությունները գրված են հայերեն, բայց արհեստական լեզվով (ինչպես google translate–ի դեպքում)։ Դա նույնպես կասկածի տեղիք պետք է տա։ Վերջապես, հղումը հասցե չունի Facebook–ում։ Ուղղակի չարագործները գործում են «անսպասելիության վրա»։ Ինչպես նշում է Մարտիրոսյանը, հաճախ օգտատերերը խաբվում են։
Օգտատերերի մի մասը արդեն կուլ է տվել այդ խայծը։ Անցնելով հղումով` նրանք փոխանցել են իրենց էջի մասին տվյալները։ Էջն ուղղակի գողացել են։ Ուստի փորձագետը կրկին նախազգուշացնում է. վախին գերին մի դարձեք, բայց ողջամտությունը երբեք ավելորդ չէ։