Հայաստանի հավաքականի վերջին 2 ծայրահեղ արդյունքները. ունե՞նք պոտենցիալ ապագայի համար

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի վերջին երկու խաղերը տարբեր տրամադրություն հաղորդեցին հայ ֆուտբոլասերին։ Sputnik Արմենիայի մարզական մեկնաբան Խաչիկ Չախոյանը գրում է այն մասին, թե ինչն է պակասում մեր հավաքականին ու ինչ քայլեր է պետք ձեռնարկել ապագայի համար։
Sputnik

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի խաղարկությունում ծանրակշիռ հաղթանակով ավարտեց իր ելույթները սեփական հարկի տակ: Առջևում կան ևս երկու հանդիպում Ջիբրալթարի ու Լիխտեյնշտեյնի հետ, որոնցից հետո արդեն պարզ կդառնա`մեր թիմը կարող է հաղթել խմբում, թե ոչ:

Մարկոս Պիզելլիի վնասվածքը լու՞րջ է. ՀՖՖ–ն հայտարարություն է տարածել

Բնականաբար աղյուսակում մեր զբաղեցրած դիրքի ու արդյունքի վրա ազդեց Ջիբրալթարի հետ խաղում գրանցած պարտությունը, չնայած այդ խայտառակ պարտությանը (0:1) հետևեց հիասքանչ հաղթանակը Մակեդոնիայի նկատմամբ (4։0):

Չեմ ուզում նսեմացնել մեր թիմի` իսկապես շատ պետքական ու գեղեցիկ հաղթանակը: Բայց Մակեդոնիայի նկատմամբ հաղթանակը դեռևս չի նշանակում, որ մեր ընտրանին պատրաստ է նոր բարձունքներ նվաճելուն: Ավելի ճիշտ, մեր հավաքականը ունի շանսեր ավելի լավ արդյունքի հասնելու համար, սակայն ունե՞նք մենք պոտենցիալ ապագայի համար:

Ինչ ցույց տվեցին այս խաղերը: Այն, որ մեր հավաքականը կայուն ելույթներով աչքի չի ընկնում, մեր թիմը ունի նոր խաղացողների կարիք և վերջապես այն, որ շատ կարևոր է, թե իրենց ակումբներում ինչքան խաղաժամանակ են ստանում հավաքական հրավիրվող ֆուտբոլիստները:

Ազգային հավաքականի մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը ֆուտբոլիստներին նախապատրաստելու շատ քիչ ժամանակ ունի (խաղից առավելագույնը մեկ շաբաթ առաջ): Հետևաբար ակումբի դերը շատ է մեծանում ու դառնում ռազմավարական: Հավաքականի մարզիչն իր մարտավարություն է ուզում տեսնել խաղադաշտում և ձգտում է հոգեբանորեն նախապատրաստել իր ֆուտբոլիստներին:

Ոգևորիչ հաղթանակ հիասթափեցնող պարտությունից հետո. ֆոտոշարք

Գաղտնիք չէ, որ հավաքականի խաղացողների ընտրությունն ամենաբարդ հարցն է մարզչի համար: Ավելի ճիշտ, շատ հաճախ մեր մարզիչը ընտրության սահամանափակ հնարավորություն ունի: Պետք է փնտրել ու գտնել ֆուտբոլիստների, որոնք կարող են հավաքականում խաղալ ու արդյունքի հասնել: Պետք է գտնել ու զարգացնել Հենրիխ Մխիթարյաններ, Գևորգ Ղազարյաններ, Արաս Օզբիլիսներ: Իսկ Մարկոս Պիզելլիի նման «հայը», իհարկե, երբեք չի խանգարի, այլ լրիվ հակառակը` միայն օգուտ կտա:

Կան հայ ֆուտբոլիստներ, որոնք արդեն խաղացել են հավաքականի կազմում, սակայն հիմա տարբեր պատճառներով թիմում չեն: Գաել Անդոնյանը, որի խաղային կարգը քննարկման ենթակա չէ, չունի ակումբ և հետևաբար նաև խաղային պրակտիկա, իսկ նրա ներկայությունը մեր պաշտպանության համար շատ կարևոր է: Ալեքսանդր Կարապետյանը շարունակում է Լյուքսեմբուրգում գոլեր խփել ու մնում է հավաքականի մարզիչների ուշադրության կենտրոնում, Դավիթ Մանոյանի կարիերան մասնավորապես վերջին տարիներին ճգնաժամ է ապրում, ու նա հիմա խաղում է Լեհաստանի առաջին խմբում: Արշակ Կորյան, Ռուսլան Կորյան, Մարիո Գևգևոզյան…

Ֆուտբոլասերները ողջունում են Յուրա Մովսիսյանին հաղթական խաղից հետո. տեսանյութ

Այս ֆուտբոլիստների ցանկը պետք է ավելացնել ու ուսումնասիրել: Համոզված եմ, որ ՀՖՖ-ի միջազգային բաժինը նույնպես շատ լավ հասկանում է այս ամենը ու ամբողջ աշխարհով փնտրում հայկական արմատներով ֆուտբոլիստների: Բայց դրան զուգահեռ պետք է Հայաստանում կատարվի հիմնական աշխատանքը ֆուտբոլիստներ աճեցնելու ու հավաքական թիմերի համար նախապատրաստելու համար: Ու ընդ որում Հայաստանում կատարվելիք աշխատանքը պետք է դառնա ամենակարևորը: Հայերն ունեն հոգեկերտվածք, որը միայն Հայաստանում է ձևավորվում:

P.S. Մակեդոնիայի հավաքականի նկատմամբ հաղթանակը տպավորիչ էր ու կարևոր: Բայց այս մեկ խաղով դեռևս ոչինչ պարզ չէ: Հաղթողի հոգեբանություն ունենալու համար մեկ խաղում հաղթելը քիչ է: Իսկ մի քանի հաղթանակներն արդեն և հոգեբանություն և կայունություն կապահովեն: