Ծեծկռտուք և դանակահարություն Երևանի Հանրապետության հրապարակում

Նախնական տեղեկություններով` վիճաբանության մասնակիցների մի մասը Երևանի, մի մասը՝ Շիրակի մարզի բնակիչներ են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. Երևանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով 2 երիտասարդ դանակահարվել է։

Դանակահարություն Երևանում. ձերբակալվել են հայրը և նրա երեք որդիները

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը` երեկ՝ հոկտեմբերի 15-ին, վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Հանրապետության հրապարակից վիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և մարմնական վնասվածք կատարելու կասկածանքով Ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել մեծ թվով քաղաքացիների։

Գագիկ Շամշյանի տեղեկություններով` նրանք են՝ 16-ամյա Հակոբ Զ.-ն, 20-ամյա Տիգրան Գ.-ն, 16-ամյա Վահագն Շ.-ն, 21-ամյա Հրաչյա Պ.-ն, 20-ամյա Վահան Ֆ.-ն, 16-ամյա Արման Գ.-ն, 20-ամյա Բորիս Ղ.-ն, 17-ամյա Արման Պ.-ն, 24-ամյա Ավետիք Բ.-ն և 19-ամյա Ռոբերտ Ա.-ն։

Նախնական տվյալներով`Հանրապետության հրապարակում անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության նկատմամբ, միմյանց հասցեին հնչեցրել հայհոյանքներ, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որի ժամանակ էլ Ավետիք Բ.-ն և Բորիս Ղ.-ն դանակահարել են միմյանց՝ մարմնի տարբեր մասերին պատճառելով մարմնական վնասվածքներ։

Փաստի առթիվ Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Վիճաբանության մասնակիցների մի մասը Երևանի, մի մասը՝ Շիրակի մարզի բնակիչներ են։