ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի ղեկավարի պաշտոնը կստանձնի ռուսաստանցի ռեժիսոր Կարեն Ներսիսյանը։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանը։
«Ես համապատասխան հրամանագիրն այսօր առավոտյան ստորագրել եմ այն բանից հետո, երբ երեկ ստացել եմ Ներսիսյանի պատասխանը, որ նա պատրաստ է ստանձնել թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը», — ասաց Դավթյանը։
Դավթյանը պետք է ընտրեր երկու ռեժիսորներից մեկին` կա՛մ Կարեն Ներսիսյանին, կա՛մ Սուրեն Շահվերդյանին։ Թատրոնի տնօրենին ավելի հոգեհարազատ է եղել Ներսիսյանի արվեստը։ Դավթյանը վստահ է, որ նա կարող է շարունակել թատրոնի ստեղծագործական գիծը, ոճը և պահպանել թատրոնի ոգին։
«Ես կասկածներ ունեմ, բայց ինձ թվում է, որ իմ քայլը ճիշտ կընդունվի։ Ներսիսյանն ունի այն, ինչ պետք է թատրոնին։ Նա հասկանում է հոգեբանական թատրոնի հիմքերը, դա ինձ ավելի հոգեհարազատ է», — ասաց Դավթյանը։
Դավթյանը նշեց, որ թատերախմբի մի մասը ցանկանում է աշխատել Ներսիսյանի հետ, մյուս մասը` Շահվերդյանի։ Սակայն քանի որ վերջին խոսքը նրանն է եղել, իսկ նա չէր կարող թույլ տալ, որ թատրոնն այդքան ժամանակ մնար առկախված վիճակում, ապա ընտրել է Ներսիսյանին։
Ներսիսյանի հետ պայմանագիրը ստորագրվել է մինչև 2019թ-ի վերջը։ Նա կոչ է անում կոլեկտիվին հարգել իր որոշումը։ Կարեն Ներսիսյանը նոյեմբերի 6-ին Վոլգոգրադում կհանձնի պրեմիերան, իսկ նոյեմբերի 6-ին կլինի Երևանում։ Լրագրողների հետ առանձին հանդիպում կկազմակերպվի նոյեմբերի 12-ին։
Հիշեցնենք` Ներսիսյանն այդ պաշտոնում փոխարինելու է Ալեքսանդր Գրիգորյանին, որը 82 տարեկանում մահացել էր 2017թ-ի հոկտեմբերի 31-ին։
Ռուսաստանցի ռեժիսոր Կարեն Ներսիսյանը ծնվել է 1971թ-ին Երևանում։ Թատերական ուղին սկսել է հենց Ստանիսլավսկու թատրոնում։ Այսօր նրա անունը հայտնի է թատերական աշխարհում։ Նա ավելի քան 50 ներկայացում է բեմադրել Ռուսաստանի քաղաքներում, մերձավոր և հեռավոր արտասահմանի երկրներում։