Սերժ Սարգսյանը բնակության հասցեն կփոխի, բայց կմնա ԱԱԾ հսկողության տակ

ԱԱԾ տնօրենը հայտարարել է` որտեղ էլ, որ բնակվի ՀՀ երրորդ նախագահը, նրա անվտանգությունն ապահովելու է ԱԱԾ–ի պետական պահպանության ծառայությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. ԱԱԾ–ն շարունակելու է ապահովել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգությունը։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը` մեկնաբանելով կառավարական առանձնատունը լքելու և այլ տեղ բնակություն հաստատելու Սերժ Սարգսյանի որոշումը։

Մնացին առանց «ղեկավարի» ու սկսեցին իրար կրակել. աղմկահարույց սպանությունները Հայաստանում

«ԱԱԾ–ի պետական պահպանության ծառայությունը, համաձայն ՊՊԾ մասին օրենքի, ապահովում է բոլոր պաշտոնաթող նախագահների անվտանգությունը»,– ասաց Վանեցյանը` հերքելով Սերժ Սարգսյանի գրասենյակի հայտարարությունն այն մասին, որ նախկին նախագահի կեցավայրը չի համապատասխանում անվտանգության պահանջներին։

Առաջարկը, թե Սերժ Սարգսյանին հնարավոր է որպես կեցավայր տրամադրվի ԱԱԾ ընդունելությունների տունը, Արթուր Վանեցյանի համար ընդունելի չէ։

«Այդ ընդունելությունների տունը ծառայում է պետական համակարգին՝ դրսից եկած պատվիրակությունների ընդունման, ոչ պաշտոնական հանդիպումների համար։ Բացառվում է, որ ԱԱԾ ընդունելությունների տունը որևէ մեկին տրամադրվի։ Սա վերջին ընդունելությունների տունն է»,– ասաց նա։

Հիշեցնենք` այդ առաջարկով կառավարությանը դիմել էր Սերժ Սարգսյանի գրասենյակը, բայց կառավարությունը մերժել էր այն։