Արցախը հակամարտության կողմ է՝ կարգավորման գործընթացում իր որոշիչ ձայնով. Մնացականյան

Լյուքսեմբուրգում Արևելյան գործընկերության նախարարական հանդիպմանը Մնացականյանը խոսել է ԼՂ հակամարտության կարգավորման ուղիների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. «Ե՛վ իր ծրագրում, և՛ իր բուն ռազմավարության իրականացման մեջ կառավարությունը հաստատակամորեն հավատարիմ է եղել արտաքին քաղաքականության շարունակականությանը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներում` ուղղված տարածաշրջանային և միջազգային խաղաղության, կայունության և փոխլրացնող համագործակցության խթանմանը: Հայաստանի արտաքին քաղաքականությունը խիստ հայաստանակենտրոն է»:

Այս մասին Լյուքսեմբուրգում  ԱլԳ նախարարական հանդիպմանն ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Ղարաբաղի հարցը հնարավոր կլինի քննարկել Հայաստանում իրավիճակի կայունացումից հետո. Ռուսաստան

Նա ընդգծել է, որ համամիտ եմ իր գործընկեր Էլմարի Մամեդյարովի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանդիպումների լավ դինամիկայի առնչությամբ: «Անցած հինգ ամիսների ընթացքում արդեն երկու հանդիպում ունեցել ենք: Լավ հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև, որը նպաստել է դրական դինամիկային, և մենք նպատակադրված ենք ամրապնդել այն»,–ասել է Մնացականյանը:

Նա նկատել է, որ կարևոր առաջնահերթություն է շարունակել ուշադրության կենտրոնում պահել խաղաղության համար նպաստավոր մթնոլորտի ձևավորումը և խթանումը, որը ներառում է բազմաթիվ բաղադրիչներ՝ վստահության ամրապնդման միջոցառումները, ներառյալ դրանց վերաբերյալ նախորդ համաձայնությունների իրականացումը, իրավիճակի սրման դեմ ռիսկերի նվազեցման միջոցները: «Մենք պետք է կենտրոնանանք այս քայլերի վրա և իրական ջանքեր գործադրենք հակամարտության բոլոր կողմերի բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելու ուղղությամբ: Եվս մեկ շատ կարևոր առաջնահերթություն է ռազմատենչ հռետորաբանությունից և ատելության քարոզից ձեռնպահ մնալը:

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և անվտանգությունը մեր գլխավոր առաջնահերթություններն են։ Լեռնային Ղարաբաղը հակամարտության կողմ է՝ կարգավորման գործընթացում իր որոշիչ ձայնով, և պետք է առավել անմիջական ներգրավվածություն ունենա։ Եվ մենք, իհարկե, դրա մասին խոսում ենք»,–ասել է ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը ։

Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Արևելյան գործընկերության 10-ամյակի հետ կապված, պետք է ուշադրություն դարձնենք անցյալի սխալները չկրկնելու վրա և պահպանենք նախաձեռնության էությունը` առաջին հերթին մարդկանց գործընկերություն՝ ուղղված մեր երկրներում կյանքի բարելավմանը և մեր հասարակությունների մերձեցմանը։