Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը

ՀՀ նախագահը ստորագրեց համապատասխան հրամանագիրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց ՀՀ կառավարության հրաժարականն ընդունելու հրամանագիրը։ Այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 130-րդ հոդվածը` ընդունել Կառավարության հրաժարականը»,- նշված է հրամանագրում:

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ հրաժարվում է պաշտոնից։

ՀՀ սահմանադրության 149 հոդվածը սահմանում է.

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հրաժարականի մասին

Վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

Վարչապետի ընտրությունն անցկացվում է անվանական քվեարկությամբ:

Հանրապետության նախագահն անհապաղ վարչապետ է նշանակում Ազգային ժողովի կողմից ընտրված թեկնածուին: