ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. Աշխարհահռչակ աստղերը Հայաստանում ելույթ կունենան Պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Հոկտեմբերի 18-ին Երևանում կմեկնարկի Արամ Խաչատրյանի անվան VI միջազգային փառատոնը, որը նվիրված է կոմպոզիտորի 115-ամյակին։ Փառատոնի շրջանակում սիմֆոնիկ ու կամերային երաժշտության ինը համերգ կկայանա, որոնց կմասնակցեն աշխարհահռչակ երաժիշտներ` դաշնակահար Բորիս Բերեզովսկին, թավջութակահար Ալեքսանդր Ռամը, ջութակահար Դանիել Ռոնն ու բազում այլ երաժիշտներ։
Փառատոնի շրջանակում սիմֆոնիկ նվագախումբը կներկայանա հետաքրքիր նախագծով՝ «Խաչատրյան նոն-ստոպ», որի ընթացքում կներկայացվի Խաչատրյանի կինոերաժշտությունը։
«Առաջին անգամ փառատոնի ժամանակ հնչելու են միայն Խաչատրյանի գործերը, քանի որ միջոցառումը նվիրված է մեծ կոմպոզիտորի հոբելյանին», — նշեց Սմբատյանը։
Դեկտեմբերին եզակի երաժշտական նախագիծ է ներկայացվելու` նվագախմբի ու էլեկտրոնային երաժիշտի մասնակցությամբ։ Անսովոր երաժշտական տանդեմի ծրագրում ներառված են նաև փոփ-արքա Մայքլ Ջեքսոնի ստեղծագործությունները։ Դիրիժորը չբացեց բոլոր փակագծերը, բայց վստահեցրեց, որ տաղանդավոր երաժիշտների պակաս չի լինի։
«Շատերը սիրում են Ջեքսոնին, ես` նույնպես։ Մենք որոշեցինք հետաքրքիր նախագիծ անել, կարծում եմ` գեղեցիկ կլինի։ Համաշխարհային աստղերի չենք հրավիրելու, քանի որ չեմ կարծում` որևէ մեկը կարող է Ջեքսոնից հայտնի լինել. տեղական ուժերով հետաքրքիր համերգ կկազմակերպենք», — ասաց մաեստրոն, սակայն խուսափեց հարցից` արդյո՞ք դիջեյի դերում հանդես կգա վարչապետի անձնակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։
Պետական սիմֆոնիկ նվագախումբը նախատեսում է սեպտեմբերի 22-ին մեկնարկած համերգային շրջանի ընթացքում 50 համերգ տալ Հայաստանում ու արտասահմանում։ Սմբատյանը վստահեցրեց, որ բազում հետաքրքիր ու մեծ նախագծեր են լինելու և հրավիրեց բարձրորակ դասական երաժշտության բոլոր սիրահարներին նվագախմբի հետ մասնակցել երաժշտական ճանապարհորդությանը։
Նշենք` 2018 թվականին Պետական երիտասարդական նվագախումբը վերանվանվեց և այժմ կոչվում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ։ Նախորդ համերգաշրջանի ընթացքում նվագախումբը 48 համերգ է տվել, որոնցից 16-ը` արտասահմանում։