«Ջնջել հայկական հետքը Թբիլիսիից». արդյո՞ք մոմերը կփրկեն Շամխորեցոց տաճարը

XIX դարի հայկական ժառանգություն հանդիսացող Թբիլիսիի Շամխորեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցին դեռ վերացման վտանգի տակ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Վրաստանի իշխանությունները ոչ մի կերպ չեն արձագանքում Թբիլիսիի հայկական համայնքի ու Հայ Առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի կոչին` կանխել XIX  դարի Շամխորեցոց Սուրբ Աստվածածին Կարմիր Ավետարան եկեղեցու վերացումը։ Եկեղեցին գտնվում է վրացական մայրաքաղաքի կենտրոնում։

Մոմավառություն՝ ի պահպանություն հայոց սրբավայրերի. Թբիլիսիի հայ համայնքը քայլերթ է արել

Այն, մեղմ ասած, անմխիթար վիճակում է։ 

Երեկ Հայ Առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի նախաձեռնությամբ, կիրակնօրյա ժամերգությունից հետո խաղաղ քայլերթ էր կազմակերպվել դեպի Շամխորեցոց։

Դեռ 2007 թվականի հունվարին վրացական հասարակությունը ցնցվեց այն նորությունից, որ վերանորոգման կարիք ունեցող  եկեղեցու կողքին բնակելի շենք  է կառուցվում։ Հասարակական գործիչները բազմիցս բարձրացրել են այդ հարցը, սակայն մինչ այժմ ոչ մի առաջընթաց չկա։

«Սա հերթական խաղաղ ակցիա է, կոչ վրացական իշխանություններին՝ դադարել այդքան անտարբեր լինել հայկական հուշարձանների նկատմամբ։ Մենք  նախաձեռնել ենք այն, որ թույլ չտանք ջնջել հայկական հետքը Թբիլիսիից»,–Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայ Առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի մամուլի քարտուղար Սուսաննա Խաչատրյանը։

Նա ընդգծեց`  այսօր ոչ ոք չի կասկածում, որ եկեղեցին հայկական է։ Որոշ աղբյուրների համաձայն` տաճարը հայերի միջոցներով կառուցվել է դեռ XVIII դարում, ուրիշ աղբյուրների տեղեկություններով` XIX դարում։

Խորհրդային տարիներին եկեղեցում հացաբուլկեղենի արտադրամաս էր գործում, հետո այն դարձրել էին պահեստային տարածք։ Շենքը շատ է տուժել 1989 թվականի ուժեղ երկրաշարժից։

«Հայ Առաքելական եկեղեցու վիրահայոց թեմը բազմիցս դիմել է երկրի իշխանություններին ու խնդրել է փոխանցել եկեղեցին իր օրինական սեփականատերերին, սակայն ապարդյուն», – ասաց Խաչատրյանը։

Այսօր եկեղեցու հիմքը ամրացնելու կարիք կա, շենքը ցանկացած պահի կարող է փլվել։ Բազմահարկ շենքը արդեն կառուցել են, դրա անմիջապես կողքին սրճարան է գործում։

Երևանն ու Թբիլիսին համաձայնության եկան. հայկական Շամխորեցոցի ճակատագիրը որոշված է

«Եկեղեցին հոգևոր, մշակութային հուշարձան է, սակայն ամենայն հավանականությամբ իշխանությունների համար միևնույնն է։ Հայ Առաքելական եկեղեցին դիմել է եկեղեցու այդ մասի կոնսերվացիայի խնդրանքով` հետագայում այն վերականգնելու նպատակով։ Սակայն խնդրանքը արձագանք չստացավ»,–ասաց Խաչատրյանը։

Հիշեցնենք` 2017 թվականի սեպտեմբերին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այն ժամանակ մշակույթի նախարար Միխայիլ Գիորգաձեն ընդգծել էր, որ նախարարությունը չի միջամտում եկեղեցու հետ կապված վեճին։

Նա նշել էր, որ  հայկական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել համապատասխան հանձնաժողովի ստեղծման մասին, որում պետք է ներառվեին երկու երկրների մասնագետները։ Նախատեսվում էր, որ նրանք հետևելու են ու համակարգելու են Վրաստանում հայկական հուշարձանների հետ կապված գործընթացները։ Այն ժամանակ ՀՀ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը վստահեցրել էր, որ այլևս ոչինչ չի սպառնա եկեղեցուն, քանի որ Գիորգաձեի հետ հայկական եկեղեցու հիմքը ամրացնելու մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել։

Մեկ տարի անց ոչինչ չի փոխվել։