ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի — Sputnik. Չնայած պարտվեցինք, բայց եթե նայենք վիճակագրությանը, վերջին շրջանում ամենալավ խաղերից մեկն ենք անցկացրել: Խոսելով Հայաստան-Ջիբրալթար խաղի մասին այսօր ասել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը:
Ազգերի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի` Մակեդոնիայի հետ կայանալիք խաղից առաջ նա ներկա է եղել Հայաստանի հավաքականի նախախաղային մարզմանը, զրուցել ֆուտբոլիստների և գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի հետ, ինչից հետո պատասխանել է նաև լրագրողների հարցերին:
«Ֆուտբոլիստների հետ զրուցեցինք մեր հետագա անելիքների, վաղվա խաղի մասին: Լավ տրամադրություն մաղթեցի տղաներին, որ կկարողանան հավաքվել և լավ խաղ ցուցադրել»,-պատմել է Վանեցյանը:
Նա ասել է, որ առաջիկայում կներկայացնեն երկարաժամկետ ծրագիր, ինչի մասին ինքը խոստացել էր ընտրվելու ժամանակ: «Այդ ծրագրով ցանկանում ենք զարգացնել մեր մանկապատանեկան ֆուտբոլը, լավ կլինի, որ ունենանք մեծ թվով ֆուտբոլիստներ, որպեսզի հետագայում Ազգային հավաքականի գլխավոր մարզիչն ընտրության հնարավորություն ունենա»,-ասել է ՀՖՖ նախագահը:
Ըստ Վանեցյանի ներկայացրած տվյալների հիմա Հայաստանում մոտ 120 հայ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ կա, ու Հավաքականի մարզիչը հենց նրանց մեջ պետք է ընտրություն կատարի:
«Արդեն մոլուցքի է վերածվել նաև այն, որ ամբողջ աշխարհում փորձում ենք գտնել հայկական արմատներով ֆուտբոլիստների: Ոմանց հետ հաջողվում է բանակցություններ վարել, ոմանց հետ՝ ոչ», — ասել է նա:
Նա ֆիքսել է, որ չուզելով թերագնահատել մեր հավաքականի ներկայիս ֆուտբոլիստներին, երբ օբյեկտիվորեն է նայում խաղն ու արդյունքները, հասկանալի է լինում, որ այդ արդյունքները բավականացնող չեն:
Վանեցյանը նաև ներկայացրել է հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի հետ ունեցած զրույցի մասին. «Արմեն Գյուլբուդաղյանցին խնդրել եմ չընկճվել, փորձել եմ ոգևորել: Հուսով եմ ` վաղը կունենանք դրական արդյունք: Ես անվերապահորեն վստահում եմ Գյուլբուդաղյանցին»:
Անդրադառնալով Յուրի Ջորկաեֆի այն հայտարարությանը, թե ինքն իրեն տեսնում է մարզչի դերում, ՀՖՖ նախագահը տեղեկացրել է, որ խոսել է ֆուտբոլի հանրաճանաչ վետերանի հետ ու ճշտել, որ, չունենալով մարզչական արտոնագիր, նա չի կարող գլխավորել Հայաստանի ֆուտբոլի հավաքականը:
Վանեցյանը կրկին նշել է, որ Արմեն Գյուլբուդաղյանցը պրոֆեսիոնալ է ու պետք չէ թերագնահատել նրա պրոֆեսիոնալ հատկանիշները, այլ պետք է վստահել նրան:
«Նա իսկական պրոֆեսիոնալ է, աճեցրել է շատ մեծ ֆուտբոլիստների: 20 տարում փչացրածը 20 օրում ուղղել հնարավոր չէ: Որքան դուք եք մտածում, 10 անգամ ավելի մենք ենք մտածում այս հարցի շուրջ»,- գլխավոր մարզչի թեման եզրափակել է Արթուր Վանեցյանը:
ԱԱԾ տնօրենը խոսել է նաև Ջիբրալթարի հետ խաղի վերջում գրանցված տհաճ միջադեպի մասին:
«Շատ բացասական եմ գնահատում այդ միջադեպը: Նրանք միշտ բողոքում էին, որ ֆեդերացիան իրենց չի հատկացնում այն տեղերը, որոնք իրենք ցանկանում են և տոմսերի գներն էլ իրենց ուզածը չէ: Խաղից առաջ հանդիպում էի ունեցել երկու ֆան-ակումբների ներկայացուցիչների հետ, նրանց առաջարկել էի նստել դարպասների ետևում: Մեկը` Հյուսիսայինում, մյուսը` Հարավայինում, բայց երկուսն էլ շատ բացասաբար ընդունեցին այդ առաջարկը: Խոստացել էին, որ ոչ մի միջադեպ չի լինի, չպահեցին իրենց խոստումը, ու բոլորս գիտենք, թե ով»,-տեղեկացրել է Արթուր Վանեցյանը:
Նա նաև նշել է, որ այն տեղեկությունը, թե միջադեպի պատճառով ֆեդերացիան տուգանվել է 100 հազար եվրոյով, սուտ է: Բայց և ասել է, որ ՈւԵՖԱ-ի կողմից, անպայման, ինչ-որ պատիժ կկիրառվի, պարզապես դեռ անհայտ է, թե ինչպիսի:
Թեման եզրափակելով Վանեցյանը հիշեցրել է, որ նման երևույթները վնասում են ոչ միայն մեր հեղինակությանը, այլև` ֆինանսական խնդիրներ են առաջացնում: