Պարտություն Ջիբրալթարից. ևս մեկ տխուր էջ հայկական ֆուտբոլում

Ազգերի լիգայի խաղարկության Հայաստան-Ջիբրալթար խաղից առաջ նույնիսկ հյուրերը չէին հավատում, որ կարող են հաղթանակել Երևանում: Բայց չհավատալով ու պայքարելով նրանք կարողացան մեզ համար անընդունելի արդյունքի հասնել ու շոկի մեջ գցել հայ ֆուտբոլասերին:
Sputnik

Ազգերի լիգայի վիճակահանությունից հետո մենք մտածում էինք, թե ում հետ ենք խաղալու խմբում հաղթելուց հետո: Քննարկվում էին նույնիսկ տարբերակներ, թե եթե Ադրբեջանն էլ հաղթի, որտեղ կանցկացվեն հանդիպումները:

Կռիվ և ծեծկռտուք Հայաստանի և Ջիբրալթարի ֆուտբոլային հանդիպումից հետո. տեսանյութ

Ջիբրալթարի հետ խաղը մեզ ապացուցեց, որ երկնքից իջնել է հարկավոր ու մտածել մեր ֆուտբոլի ոչ միայն ապագայի, այլ նաև ներկայի մասին:
Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ մեր հավաքականը բոլոր առումներով առավելություն է ունեցել մրցակցի նկատմամբ:

Իսկ մի՞թե այլ տարբերակ կարող էր լինել մի թիմի հետ խաղում, որի կորիզը կազմում են Ջիբրալթարի պետական ծառայողները՝ փոստատար, ոստիկան, հարկային ծառայության աշխատակից և այլն:

Արմեն Գյուլբուդաղյանցի հետ համաձայն եմ՝ դաժան պարտություն էր: Դաժանն էլ մեղմ է ասած: Ցնցող, շշմեցուցիչ, անհասկանալի ու անընդունելի պարտություն էր: Հիմա ինչ էլ ասենք կամ գրենք՝ արդարացում է լինելու: Նույնիսկ պետք չէ փորձել  վերլուծել խաղը:

Իտալացիները ասում են՝ հաղթում է թիմը, պարտվում՝ մարզիչը: Ոչ այդպես չէ: Մարզիչը, իհարկե, մեղքի իր բաժինն ունի, բայց Ջիբրալթարին պարտվեց մեր ընտրանին:

Հետո ինչ, որ մրցակցից վեց-յոթ անգամ շատ հարված ենք կատարել, հետո ինչ որ մրցակցից մի քանի անգամ ավելի շատ ենք գոլային պահեր ստեղծել: Խաղից հետո լուսատախտակը ցույց էր տալիս 0:1 ու աչքերիս չէի հավատում: Ու՞մ, Ջիբրալթարի՞ն ենք պարտվել: Սա արդեն կատակ չէ:

Փորձերը շատ էին, արդյունքը` զրո. Հայաստանի հավաքականը սենսացիոն պարտություն կրեց

Բայց այնպես չէ, որ խնդիրները առաջացան այս խաղում: Նույնիսկ Լիխտենշտեյնի հետ հաղթանակած խաղում մեր թիմը լավ չխաղաց: Բայց տեղին է ասել» թող լավ չխաղան ու հաղթեն: Այդ դեպքում արդարացումը կլինի վաստակած 3 միավորը:

Հավաքականի պարտությունը այնքան ցավոտ էր, որ խաղի ավարտից հետո հայ երկրապագուները երկու բանակի բաժանված ծեծկռտուք սարքեցին ստադիոնի տրիբունաներում: Ազգերի լիգայի խաղարկությունում մենք դեռ երկու հանդիպում ունենք անցկացնելու, բայց չեմ կարծում, որ դրանք ինչ որ բան կտան մեր թիմին կամ մեր երկրպագուներին: Նույնիսկ  2013թ. Մալթայից կրած պարտությունը այսքան ցավոտ չէր:

Փորձելով հասկանալ Ջիբրալթարից կրած պարտության պատճառները, նույնիսկ մտածում եմ, որ միգուցե Ջիբրալթարի փոխարեն Լիխտենշտեյնի հնչած օրհներգը ստիպեց մրցակցին այսպես նվիրվել խաղին: Բայց սա էլ պատճառ չէ:

Պատճառը պարզապես մեր հավաքականի ֆանտաստիկ վատ խաղն է: Ու ստադիոնի տրիբունաներից հնչած ամոթ, ամոթ վանկարկումներին, թերևս նորից ավելացնենք արդեն ափսոս, բայց առանց հույսի:

Ուզում եմ, որ սխալվենք. ժամանակը ցույց կտա: