Փորձերը շատ էին, արդյունքը` զրո. Հայաստանի հավաքականը սենսացիոն պարտություն կրեց

Ազգերի լիգայի խաղարկության հերթական խաղում Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ 0:1 հաշվով պարտվեց Ջիբրալթարի ընտրանուն` չկարողանալով իրացնել իր բացահայտ առավելությունը ամբողջ խաղի ընթացքում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Հանդիպման ընթացքում մեր հավաքականը 33 հարված կատարեց մրցակցի 6-ի դիմաց, սակայն սա միայն վիճակագրությունն է: Պարտվեցինք մի թիմի, որը հաղթանակից հետո «Հանրապետականում» ասես իր անկախությունն էր տոնում:

Մարզումներ` նոր մարզչի ուղեկցությամբ. Հայաստանի հավաքականը պատրաստվում է խաղին

Ինչպես և սպասվում էր, Հայաստանի ազգային հավաքականը մեծ առավելություն ուներ Ջիբրալթարի ընտրանու նկատմամբ: Խաղի մեկնարկից անմիջապես մերոնք գնացին առաջ, հյուրերի պաշտպանությունը գնալով գործում էր գերծանրաբեռնված: Բայց մեր ֆուտբոլիստները չէին կարողանում իրենց խաղային ու տարածքային առավելությունը նյութականի վերածել: Քիչ էին դիպուկ հարվածները: Պարզապես ակնառու էր, որ կարգով ու խաղով հայ ֆուտբոլիստները գերազանցում են մրցակցին: Սակայն այդ գերազանցությունը չէր արտահայտվում հաշվի մեջ, ինչը ամենակարևորն է:

Ընդմիջմանը մոտ մեր հավաքականը շատ լավ հնարավորություն ուներ հաշվի վերջապես բացելու, բայց Կամո Հովհաննիսյանը նպաստավոր դիրքից հարվածեց դարպասապահի վրա: Իհարկե, երբ ունես նման առավելություն ու ֆուտբոլային լեզվով ասած «գոլը չի ստացվում» թիմը սկսում է նյարդայնանալ:

«Մեր թիմը պետք է կարողանա պարտադրել սեփական խաղ». Արմեն Գյուլբուդաղյանց

Չէի ասի, որ մեր ընտրանին նյարդայնանում էր, բայց միևնույն է, անհարմարավետություն հոգու խորքում զգում էին: Իսկ խաղի 41-րդ րոպեին` Մխիթարյանի հարվածից հետո, ամբողջ ստադիոնը հոգոց հանեց: Բայց հաշիվը մնաց անփոփոխ:

Երկրորդ խաղակեսի մեկնարկը «սառը ցնցուղ» էր մեզ համար: Մրցավարը Հրայր Մկոյանի գործողություններում խախտում տեսավ, ու մենք պատժվեցինք 11 մետրանոցով: Կարևոր չէ` խախտում կար, թե ոչ, կարևորը հաշիվն էր, որը խոսում էր արդեն հյուրերի նվազագույն առավելության մասին: Անհավանական էր, բայց փաստ: Այ այստեղ պետք էր հավաքվել ու չշտապել: Մերոնք նետվեցին առաջ` կորցրածը հետ բերելու նպատակով: Փորձերը շատ էին, արդյունքը` զրո:

Խաղի ավարտին  20 րոպե կար, կանգնած էինք պարտության եզրին: Գոլային պահեր եղան, բայց բախտը, կարծես, երես էր թեքել մեր հավաքականից: Ի վերջո, ոչ մի փոփոխություն, ոչ մի հարված օգուտ չտվեց: Իսկ մեր հավաքականի գնահատականը տվեց ստադիոնը, որը վանկարկում էր՝ ամոթ, ամոթ, ամոթ...