Նոր մանրամասներ գյումրեցի զինվորի մահվան դեպքից. Ներկայացնում է Արցախի ՊՆ–ն

Քրեական գործում զինվորի մահը որակվել է որպես ինքնասպանություն, հարազատներն այդ վարկածին չեն հավատում: Նախարարությունը ստիպված որոշ փաստեր է հրապարակել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի — Sputnik. Արցախի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը ՊԲ զինծառայող Գևորգ Սուրենի Հարոյանի մահվան հանգամանքների վերաբերյալ վերջին օրերն համացանցում տարածվող մեկնաբանություններին վերջ դնելու նպատակով որոշ տեղեկություններ է հրապարակել հարուցված քրեական գործից:

Արցախում մահացած զինվորի հարազատները դեպքի բազմակողմանի ուսումնասիրություն են պահանջում

Հաղորդագրության մեջ նշված է, որ հոկտեմբերի 1-ին, 10:50-ի սահմաններում ՊԲ հարավարևելյան զորամասերից մեկի զինծառայող, շարքային Գևորգ Հարոյանը վաշտի զինանոցում մաքրության կատարելու ընթացքում համածառայող Գ. Հ. Ց.-ին ամրակցված ինքնաձիգից կրակոց է արձակել իր կրծքավանդակի ձախակողմյան հատվածում և տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ նույն օրը՝ ժամը 15:05-ին մահացել է:

Նախաքննությամբ պարզվել է, որ դեպքի նախորդ օրերին, նույն վաշտի զինծառայողներ՝ կրտսեր սերժանտ Մ. Չ.-ի (Արմավիրի ԶԿ) և շարքային Հարոյանի միջև տեղի ունեցած վիճաբանության ընթացքում Մ. Չ.-ն բռնություն է գործադրել և կոպիտ հայհոյել Հարոյանին: Վիճաբանությանը միջամտել է նույն վաշտի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Դ. Ս.-ն (Էրեբունու ԶԿ)և մեկ անգամ հարվածել Հարոյանին:

Վաշտի հրամանատար, կապիտան Լ. Պ.-ն (Գյումրիի ԶԿ), տեղյակ լինելով վերոնշյալ դեպքի մասին, թաքցրել է դեպքը, իսկ դեպքի նախորդ օրը՝ երեկոյան՝ քուն հրամանից հետո, իր աշխատասենյակում նախատել, դիտողություն է արել Հարոյանին, ստորացուցիչ հայհոյանք հնչեցրել նրա հասցեին:

Քրեական գործի շրջանակներում մեղադրանքներ են ներկայացվել կրտսեր սերժանտ Մ. Չ.-ին, կապիտան Լ. Պ.-ին, կրտսեր սերժանտ Դ. Ս.-ին: Առաջին երկուսը կալանավորված են։ Վերջինի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել զորամասի հրամանատարության  հսկողության հանձնելը:

Նախաքննության ինքնասպանության վարկածի հետ գյումրեցի զինվորի ծնողները համաձայն չեն: Նրանց պնդմամբ` զինվոր Գևորգ Հարոյանին նախ դաժանաբար ծեծել են, հետո՝ սպանել: