Մակրոնը Ազնավուրից մեջբերումներ է արել Պատվավոր հյուրերի հուշամատյանում

Ցեղասպանության թանգարանում կատարած շրջայցից հետո Ֆրանսիայի նախագահը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի — Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր կնոջ՝ Բրիջիթ Մակրոնի հետ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցից հետո այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան:

Ֆրանկոֆոնիայի երկրների առաջնորդները հարգանքի տուրք մատուցեցին Ծիծեռնակաբերդում

Այս մասին տեղեկացնում են Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտից:

Ֆրանսիայի Հանրապետության նախագահը ծանոթացել է Մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին, դիտել ցուցանմուշները, նաև՝ Ֆրանկոֆոնիայի XVII-րդ գագաթնաժողովի շրջանակներում երեկ բացված նոր երկու ցուցադրությունները՝ «Ապրելու կամքը և փրկելու առաքելությունը» և «Գրիգոր Ճօլօլեան. Փարիզի հայ լուսանկարիչը»:

Թանգարանում կատարած շրջայցից հետո Ֆրանսիայի նախագահը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում.

«Ծանր ապրումներով ու հուզմունքով ենք այսօր այստեղ: Ֆրանսիայի անունից ես հարգանքի տուրք եմ մատուցում բոլոր նրանց, ովքեր ընկան՝ «արևն առած իրենց աչքերի մեջ», նրանք, ովքեր՝ «միայն ապրել էին ուզում»: Ֆրանսիան քողազերծել է ցեղասպանությունը դեռ 1915 թվականին մտավորականների կողմից:

«Հայերն ամրապնդել են և պաշտպանել Ֆրանսիան իրենց երկրի նման». Էմանուել Մակրոն

Եվ նա ընդունել է երեխաներին և ընտանիքներին, ովքեր փախչում էին ցեղասպանությունից, և ովքեր մեր ազգն ավելի հարստացրեցին:

Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճշմարտության ու ճանաչման համար:

Այս տխուր խոնարհումը: Նրանց համար, ովքեր ընկան: Մեր և գալիք սերունդների համար»:

Նշենք, որ գրառման մեջ Մակրոնն օգտագործել է Շառլ Ազնավուրի «Նրանք ընկան» երգի բառերից հատվածներ:

Երգի երաժշտությունը Գևորգ Կառվարենցինն է, իսկ բառերը Շառլ Ազնավուրինը: Երգը գրվել է 1975 թվականին՝ Հայոց Ցեղասպանության 60-րդ տարելիցին: