ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik. «Շրջափակումը և փակ սահմանները անբնական և անընդունելի խոչընդոտներ են երկկողմ եւ բազմակողմ տնտեսական համագործակցության ճանապարհին»: Անթալիայում տեղի է ունեցող Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների երրորդ միջազգային համաժողովին ասել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը։
Նա ընդգծել է, որ Հայաստանը, գտնվելով Եվրոպայի եւ Ասիայի խաչմերուկում, մշտապես կապող օղակ է հանդիսացել աշխարհի երկու մասերի միջև:
«Այսօր Հայաստանը Եվրասիական տնտեսական միության ակտիվ անդամ է: Մենք մեծապես կարևորում ենք ԵԱՏՄ շրջանակում համագործակցության զարգացումը շահագրգիռ երկրների եւ հիմնական ինտեգրացիոն միավորումների հետ: Այսպիսով, անցյալ տարի Հայաստանը Եվրամիության հետ ստորագրեց Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Մենք հիմք ենք ընդունում, որ մեկ ինտեգրացիոն համայնքում անդամակցությունը չպետք է սահմանափակի անդամների` այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելու հնարավորությունը` հաշվի առնելով բոլոր պարտավորությունների կատարումը:
Ժամանակակից տնտեսական հարաբերությունների զարգացման հիմնական նախադրյալները բաց սահմաններն են, ռեսուրսների ազատ տեղաշարժը, մրցակցության հավասար պայմանները: Այս առումով շրջափակումը և փակ սահմանները անբնական և անընդունելի խոչընդոտներ են երկկողմ եւ բազմակողմ տնտեսական համագործակցության ճանապարհին»,–ասել է Շարմազանովն ու մասնակիցներին հիշեցրել, որ Թուրքիան 1993 թվականից միակողմանի փակել է իր սահմանները Հայաստանի հետ: «Հայաստանը միշտ հանդես է եկել Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունների զարգացմանն առանց նախապայմանների: Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումն անընդունելի է»,–նշել է նա:
ՀՀ ԱԺ փոխխոսնակը հիշեցրել է, որ այս տարի աշխարհը նշում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակը: Նա նշել է, որ Հայոց ցեղասպանությունը` 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, ճանաչել են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը, Գերմանիան, Ֆրանսիան եւ ամեն տարի աճում է այդ երկրների ու կազմակերպությունների թիվը: «Ես` որպես Ցեղասպանությունից փրկված ժողովրդի ժառանգորդ, այս ամբիոնից ելույթ ունենալով, հայտարարում եմ, որ առանց նախկին հանցագործությունների ճանաչման, հնարավոր չէ խուսափել նոր հանցագործություններից»,–ասել է Շարմազանովը:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը աշխատանքային այցով մեկնել է Անթալիա՝ մասնակցելու Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների երրորդ միջազգային համաժողովին: