Վարկանիշի հակառակ երեսը. Փաշինյանին պե՞տք է արդյոք «բուտաֆորիական» խորհրդարան

Առաջին հայացքից ուժեղ ընդդիմախոսների բացակայությունը ցանկացած իշխանության ցանկությունն է։ Բայց երկարաժամկետ հեռանկարում ընդդիմության բացակայությունը կարող է այդ իշխանության համար չարիք դառնալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել է, որ ապագա Ազգային ժողովն այդքան միատարր չի լինի, ինչպես կարծում են շատերը`  հիմնվելով Փաշինյանի բարձր վարկանիշի վրա։ Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 23–ին Երևանի քաղաքապետի ընտրություններում Փաշինյանի քաղաքական ուժը` «Իմ քայլը» դաշինքը, հավաքել է ընտրողների ձայների ավելի քան 82 տոկոսը։

Հայկ Մարությանը պատմեց, թե երբ փողկապ կկապի և ինչ թերություններ կշտկի Երևանում

Տեղի դիտորդները նշում են, որ պատկերը կկրկնվի դեկտեմբերին` արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, քանի որ երեք ամսում վարչապետի և նրա թիմի վարկանիշը հազիվ նվազի։

Չհասցնելով այդ ընթացքում մշակել ինչ–որ պարզորոշ այլընտրանքներ տնտեսության, հասարակական–քաղաքական հարաբերությունների, սոցիալական քաղաքականության և այլ ոլորտներում՝ Փաշինյանի ընդդիմախոսներն ավելի շատ են վարկաբեկել իրենց`  փորձելով ձախողել խորհրդարանի շուտափույթ լուծարումը և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որոնց արդյունքները կարտացոլեին ուժերի դասավորությունը։

Առաջին հայացքից՝ ուժեղ ընդդիմախոսների բացակայությունը ցանկացած իշխանության ցանկությունն է։ Դա հանում է մշտական քննադատության, ճնշման «գլխացավանքը» և, հնարավոր է, կառավարությանը անվստահության քվե հայտնելու նպատակով միավորվելու փորձերը։

Ի վերջո` փայլուն կազմակերպված և իրականացված «թավշյա հեղափոխության» պատճառներից մեկը հենց Սերժ Սարգսյանի կողմից իր ընդդիմախոսներին ջախջախելն էր։ Առայժմ պարզ չէ, թե որ տարբերակը կընտրի այժմյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, օրինակ, հակված է առաջին սցենարին, նշելով, որ Փաշինյանը հազիվ թե շահագրգռված լինի լուրջ ընդդիմության առկայությամբ։

«Կարծում եմ, որ նա ցանկացած իշխանության նման նա էլ չի ցանկանում իրական ընդդիմություն ունենալ։ Չեմ կարծում, որ նոր խորհրդարանում կներկայացվի քաղաքական ուժերի լայն սպեկտր։ Ես նույնիսկ մտավախություն ունեմ, որ սա կլինի ամենից միատարր խորհրդարանը` ի հեճուկս Փաշինյանի խոստումների», – ասաց Բոզոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Բոզոյան. «Փաշինյանն ԱԺ–ն ամբողջությամբ վերցնելու նպատակ ունի»

Նրա խոսքով` հասկանալի չէ, թե ինչու վարչապետը պետք է սահմանափակի իր հնարավորությունները, որ ունի իր վարկանիշի  շնորհիվ։

«Իշխանությունը շատ վնասակար բան է։ Այն ունեցող մարդը կորցնում է իր զգոնությունը, իր հոտառությունը։ Միաժամանակ նրան թվում է, որ ինքը գնում է ճիշտ ճանապարհով։ Հիմա ոչ ոք երաշխիք չունի, որ Փաշինյանն օրիգինալ կլինի այդ առումով», – ենթադրում է փորձագետը։

Հատկանշական է, որ Փաշինյանը, այս տարվա գարնանը տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ լինելով բողոքի շարժման առաջնորդ, ցույցերից մեկի ժամանակ ասել է, որ եթե ապագայում իշխանությունները կորցնեն իրենց հոտառությունը, ապա նրանց սպասում է նույն ճակատագիրը, ինչ Սերժ Սարգսյանին և նրա թիմին։

Պարադոքսալ է, բայց Փաշինյանին  զգոնությունը չկորցնելու հարցում կարող են օգնել նրա ընդդիմախոսները, այդ թվում` այն հանրապետականները, որոնք հիմա դարձել են հասարակական պարսավանքի թիրախ՝ այդքան սեղմ ժամկետում խորհրդարանի լուծարմանը դեմ լինելու պատճառով։

Հիմա նրանց քննադատում են, բայց նրանց արժանիքն այն է, որ խմբակցությունը չի քանդվել։ Նրա առավել անզիջում ներկայացուցիչները կարող են «կորիզ» դառնալ որակապես նոր ընդդիմություն ձևավորելու համար։

ՀՀԿ–ն, որի շարքերն առանց այդ էլ զգալիորեն նոսրացել են, պետք է որոշակի «վերաբրենդավորում» անցնի։ Որքան շուտ մեկնարկի այդ գործընթացը, այնքան լավ բոլոր գործող անձանց համար։