Ավագանու ԲՀԿ անդամներն առաջարկում են անցնել հեծանիվների

«Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչները կհրաժարվեն ծառայողական մեքենաներից, նրանք գործընկերներին առաջարկում են հետևել իրենց օրինակին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Երևանի Ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամները հրաժարվելու են ծառայողական մեքենաներից։ Այս մասին ասաց խմբակցության ղեկավար Արման Աբովյանը։

«Երևանի բյուջեն 80 միլիարդ դրամ է, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով այն չի համապատասխանում մայրաքաղաքի ծավալներին։ Լուրջ հարց է դրվել` ինչպես մեծացնել բյուջեն` միաժամանակ կրճատելով անհասկանալի ծախսերը», – ասաց Աբովյանը։

Նիկոլ Փաշինյանն աշխատանքի է գնում հեծանիվով. տեսանյութ, լուսանկարներ

Նրա խոսքով` ծախսվող գումարների արդյունավետության բարձրացման հարցը շատ սուր է դրված։ Ավագանու ԲՀԿ անդամները պատրաստ են օգնել բյուջեի բեռնվածությունը թեթևացնելու հարցում։

Արման Աբովյանը հայտարարեց, որ իրենք հրաժարվում են ծառայողական մեքենայից:

«Սրանով ցույց ենք տալիս մեր աշխատանքի հիմնական ուղղությունները։ Կոչ եմ անում մեր գործընկերներին նույն քաղաքականությունը որդեգրել, մեր ապագա քաղաքապետին, թաղապետներին՝ հրաժարվել ծառայողական մեքենաներից», — ասաց Արման Աբովյանը։

Նրա խոսքով` ավելի ճիշտ կլիներ, որ քաղաքապետարանում հասարակական տրանսպորտով զբաղվող մարդիկ իրենք օգտվեն դրանից։ Դա թույլ կտա նրանց ավելի լավ ծանոթանալ ոլորտի խնդիրներին։

ԲՀԿ պատգամավորը խնդրում է չքաղաքականացնել նախկինների սպանությունը

Նա նշեց, որ կարելի է տեղաշարժվել նաև հեծանիվներով, հատկապես, որ այդպիսի նախադեպ արդեն կա։

«Դա կատակ չէ, դա ճիշտ և հաճելի միտում է», – ասաց Աբովյանը։

Նա ընդգծեց, որ ԲՀԿ–ն չի պատրաստվում խիստ ընդդիմություն լինել, բայց հետևելու է քաղաքապետարանի աշխատանքին։

Հիշեցնենք` Երևանի Ավագանու ընտրություններից հետո «Բարգավաճ Հայաստանը» 65–ից 5 մանդատ է ստացել։

Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 23-ին կայացած ավագանու ընտրություններում, ԿԸՀ տվյալներով, «Իմ քայլը» դաշինքը ստացել էր 81,06, «Բարգավաճ Հայաստանը»` 6,95, «Լույս» դաշինքը՝ 4,99 տոկոս ձայն։

Ավագանու առաջին նիստը նախանշված է հոկտեմբերի 10-ին, Հայկ Մարությանի երդման արարողությունը` հոկտեմբերի 13-ին։