Գյուղապետը խլել է համագյուղացու առանձնատունը, 18 տարի վայելել ու փախել

Իջևանի տարածաշրջանի գյուղապետներից մեկը 18 տարի առաջ տիրացել է համագյուղացու առանձնատանն ու թաքնվել արդարադատությունից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանի գյուղերից մեկի ղեկավարի նկատմամբ հարուցվել է քրեական գործ` նույն համայնքի բնակչուհու առանձնատանն ապօրինի տիրանալու դեպքի առթիվ։

Յուրացումներ սահմանին. գյուղապետը նվիրատվության գումարի 75%-ն իրենով է արել. տեսանյութ

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ համայնքի ղեկավարը 2000 թվականի փետրվար ամսից տիրացել է նույն համայնքի բնակչուհուն պատկանող առանձնատանը։

2018թ. հոկտեմբերի 6-ին քննիչը որոշում է կայացրել՝ համայնքի ղեկավարին որպես մեղադրյալ ներգրավելու մասին և նրան ծանուցել վարույթ իրականացնող մարմնին ներկայանալու մասին։

Գյուղապետը ոչ միայն չի ներկայացել, այլև փախուստի է դիմել` թաքնվելով արդարադատությունից։

2018թ. հոկտեմբերի 8-ին որոշում է կայացվել նրան բերման ենթարկելու ու նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին:

Նույն օրը դատախազի կողմից որոշում է կայացվել՝ համայնքի ղեկավարի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին: