Հայաստան է գալիս Ջոն Բոլտոնը. ի՞նչ կքննարկեն ԱՄՆ–ի գլխավոր «ճուռակի» հետ

Փորձագետները կարծում են, որ հայկական կողմը կարող է լրջագույն հարցեր լուծել Ջոնի Բոլտոնի միջոցով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik. Առաջիկա օրերին Հայաստան կայցելի ԱՄՆ–ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը, որն ինչպես հայտնի է, ունի կոշտ և ագրեսիվ արտաքին քաղաքականության կողմնակցի հեղինակություն։

Բոլտոնի այցի մասին իր ֆեսբուքյան էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։ Նրա տեղեկատվության համաձայն` այցը կկայանա հենց խորհրդականի նախաձեռնությամբ։

«Նորին Գերազանցություն Արմեն Սարգսյանին». նախագահն ԱՄՆ-ում մրցանակ է ստացել

«ԱՄՆ նախագահի խորհրդականը` Վաշինգտոնի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը, երկու շաբաթից (եթե ոչինչ չփոխվի) կայցելի ՌԴ, Հայաստան, Ադրբեջան և Վրաստան: Հայաստանի համար սա բացառիկ հնարավորություն է ՀՀ-ԱՄՆ օրակարգը վերաիմաստավորելու համար: Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանն ու Վրաստանը առավել խոր համագործակցություն ունեն ԱՄՆ-ի հետ», – գրում է փորձագետը։

Սարգսյանը համոզված է, որ հայկական կողմը կարող է լրջագույն հարցեր լուծել Բոլտոնի միջոցով: Սա բացառիկ շանս է, երբ անհասանելին իր ոտքով հասանելի է դառնում, կարծում է Սարգսյանը:

«Վարչապետի աշխատակազմն ու ԱԳՆ-ն կարող են շատ ակտիվ աշխատել Բոլտոնի հետ»,– գրել է քաղաքագետը:

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում փորձագետը հավելեց, որ այդ խնդիրներից բացի Թրամփի խորհրդականի այցն այս չորս երկրներ ուղղակիորեն կապված է նաև Իրանի իրավիճակի հետ։ Բոլտոնն ագրեսիվ դիրքորոշում ունի ԻԻՀ հարցում։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նրա ղեկավարության հետ Բոլտոնը մտադիր է քննարկել Սիրիայում մարդասիրական առաքելության մասնակցության հարցը։ Հայտնի է, որ Հայաստանը մտադիր է Սիրիա ուղարկել սակրավորներից, բժիշկներից և այլ մասնագետներից կազմված համակազմ, որն օգնություն կցուցաբերի տեղի բնակչությանը։ Մարդասիրական առաքելությունը կիրականացվի ռուս մասնագետների հետ միասին։

Սարգսյանի խոսքով` Երևանի մասնակցությունը սիրիական առաքելությանը շատ զգայուն թեմա է ամերիկացիների համար։ Եթե Սիրիա համակազմ ուղարկելու մասին որոշումը վերջնական չէ, ապա Բոլտոնը կփորձի հետ պահել Երևանին այդ քայլից։