«Քեզ համար, Ազնավուր». ի՞նչ է պատրաստում Երևանը մեծն շանսոնյեի պատվին

Հայաստանի լավագույն երաժիշտները և երգիչները ելույթ կունենան լեգենդար արտիստ և մեծ հայ Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված համերգի ընթացքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik. Աշխարհահռչակ ֆրանսիահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի սիրված երգերն առաջին անգամ կհնչեն հայերենով Երևանում «Քեզ համար, Ազնավուր» համերգի ժամանակ։ Այդ մասին այսօր մամուլի ասուլիսում ասաց երգիչ և դերասան Հայկ Պետրոսյանը։

«Քեզ համար, Ազնավուր» համերգը` նվիրված մաեստրոյին, տեղի կունենա այս տարի հոկտեմբերի 29-30–ին։ Ի սկզբանե նախատեսվել է, որ միջոցառումը կկայանա Երևանում, Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի օրերից մեկի ժամանակ։ Դրան պետք է մասնակցեր լեգենդար շանսոնյեն։ Ընտրվել են երգչի երգացանկից հանդիսատեսի սիրելի երգերը։

Փարիզը Շառլ է լսում. փողոցային երաժիշտները նվագում են շանսոնյեի երգերը. տեսանյութ

«Ազնավուրի որոշ երգեր համերգի շրջանակում կկատարվեն հայերենով։ Թարգմանությունն ապահովել է Պերճ Թյուրաբյանը», – ասաց Պետրոսյանը։

Հատուկ համերգի համար հավաքվել է 20 հոգուց բաղկացած երաժշտական կոլեկտիվ, որի մեջ ներառվել են Հայաստանի սիմֆոնիկ և ջազային նվագախմբերի լավագույն երաժիշտները։

Համերգի ընթացքում կներկայացվի մեծն արտիստի կյանքը, ինչպես նաև նրա ստեղծագործական ուղին։

Պետրոսյանի կարծիքով` Ազնավուրն այն հեղինակներից է, ում երգերը բարդ է կատարել, սակայն նա հավաստիացնում է, որ լավ որակ կապահովվի, և երգիչները լավագույնս կկատարեն իրենց առջև դրված առաջադրանքը։

Իր հերթին Հայաստանի մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նշեց, որ նախարարությունը լիովին աջակցում է այդ համերգի անցկացման գաղափարին։

Տոմսերն այս շաբաթվանից կվաճառվեն։ Ինչպես խոստանում են կազմակերպիչները,  դրանք ֆինանսական առումով հասանելի կլինեն Հայաստանի բոլոր քաղաքացիների համար։

Վերջին անգամ Ազնավուրը Երևան այցելել է 2017թ.–ի մայիսի վերջին «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակի հանձնման արարողության շրջանակում։ Նա նաև ներկա է եղել «Բոհեմա» բալետի պրեմիերային։ Այդ ժամանակ Ազնավուրն անձամբ 12 երգ է ընտրել բեմադրության համար։

Նա պետք է Հայաստան գար հոկտեմբերին, Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին, սակայն չհասցրեց։ 2018թ.–ի հոկտեմբերի 1–ին Ազնավուրը հեռացավ կյանքից։