Մշտական խորհրդի նիստը բացել է ՖՄԿ գլխավոր քարտուղար Միկաել Ժանը

Ֆրանկոֆոնիայի Մշտական խորհրդի 105-րդ նիստում քննարկվել են Երևանի հռչակագրի և Գագաթաժողովի այլ փաստաթղթերի նախագծեր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի — Sputnik.  Երևանում այսօր՝ հոկտեմբերի 7-ին կայացել է Ֆրանկոֆոնիայի Մշտական խորհրդի 105-րդ նիստը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից՝ նիստին մասնակցում էին կազմակերպության լիիրավ, ասոցացված և դիտորդի կարգավիճակ ունեցող պետությունների և կառավարությունների, Ֆրանկոֆոնիայի  միջազգային կազմակերպության գործընկեր կառույցների շուրջ հարյուր բարձրաստիճան պատվիրակություններ:

Միկաել Ժանը հարգանքի տուրք է մատուցել Շարլ Ազնավուրի ու Կոֆի Անանի հիշատակին

Մշտական խորհրդի նիստը բացել է ՖՄԿ գլխավոր քարտուղար Միկաել Ժանը, որը ներկայացրել է գագաթաժողովին ընդառաջ քարտուղարության կողմից կատարվող աշխատանքները, կազմակերպության առաջնահերթությունների, Ֆրանկոֆոնիայի տնտեսական, դիվանագիտական և քաղաքական հարթակներում գործունեությունը: Ելույթ է ունեցել նաև Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժակ Կրաբալը:

Ողջունելով Մշտական խորհրդի նիստի մասնակիցներին՝ ՖՄԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանն իր ելույթում մեծապես կարևորել է կազմակերպության գործունեությունն՝ ուղղված ճգնաժամային իրադրություններում հայտնված երկրներին աջակցելուն և ժողովրդավարական գործընթացների խրախուսմանը:

«Հայաստանը մեծապես կարևորում է երիտասարդների ներգրավվածությունն ու մասնակցությունը Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի աշխատանքներին, ինչպես նաև Գագաթաժողովի շրջանակներում տեղի ունեցող միջոցառումներին՝ այդ առնչությամբ մեծապես կարևորելով Ֆրանկոֆոնիայի երիտասարդների ցանցում իրականացված խորհրդատվությունը «Միասին ապրելու ֆրանկոֆոն կոչի» մշակման գործում»,- նշել է նա ։

Անդամ երկրների ներկայացուցիչներն  անդրադարձել են նաև Ֆրանկոֆոնիայի նախարարական 35-րդ համաժողովի և 17-րդ գագաթաժողովի աշխատանքներին և օրակարգին առնչվող տարբեր հարցերի: Քննարկվել են Երևանի հռչակագրի, որոշումների և գագաթաժողովի այլ փաստաթղթերի նախագծերը:

Կազմակերպության լիիրավ անդամների նիստում հաստատվել է 17-րդ գագաթաժողովին ուղղված՝ կարգավիճակի փոփոխության կամ անդամակցության հայտերի վերաբերյալ հատուկ աշխատանքային խմբի զեկույցը: