Մանդատդ տուր, գնանք նոր մանդատի հետևից. ԱԺ-ն ցրելու նոր տարբերակ

Օրերս սոցիալական ցանցերում ու մամուլում շրջանառության մեջ դրվեց ԱԺ-ն ցրելու մի տարբերակ, որի մասին մինչ օրս ոչ ոք չէր խոսում: Դրանում առաջարկվում է առանց դես ու դեն ընկնելու ուղղակի հրաժարվել մանդատներից ու ԱԺ-ը չի կարողանա աշխատել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 Հոկտեմբեր — Sputnik, Նելլի Դանիելյան. Խորհրդարանը ցրելու միակ տարբերակն այսօր, որ առաջարկում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հրաժարականն է ու 14 օրվա ընթացքում նոր վարչապետ չառաջադրելն ու չընտրելը:

Ֆանտաստիկ սցենար. իսկ ի՞նչ կլինի, եթե ՀՀԿ–ն ինքնալուծարվի

Բայց սա միայն առաջարկ է, որին խորհրդարանական ուժերից դեռ ոչ մեկ պաշտոնապես համաձայնություն չի տվել: Հետևաբար, միշտ կա վտանգ, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա, չի առաջադրվի, բայց հանկարծ նրա փոխարեն կառաջադրվի ու գուցե նույնիսկ կընտրվի մեկ ուրիշը, քանի որ առաջադրման համար անհրաժեշտ է պատգամավորների 30%-ի  աջակցությունը:

Բայց օրերս շրջանառության մեջ դրվեց ԱԺ-ն ցրելու մեկ այլ տարբերակ: Այս առաջարկի հեղինակները, վկայակոչում են ՀՀ Սահմանադրության համապատասխան դրույթը, ըստ որի Հայաստանի խորհրդարանում պետք է լինի առնվազն 101 պատգամավոր, և Ընտրական օրենսգրքի 100-րդ հոդվածը, որի համաձայն, եթե ընտրական ցուցակներում պատգամավորի թեկնածու չկա, ապա մանդատը մնում է թափուր:

Այսպիսով` առաջարկում են «Ելք» խմբակցության նախընտրական ցուցակի բոլոր անդամներին ու գործող պատգամավորներին հրաժարվել մանդատներից: Քանի որ «Ելքը» ԱԺ-ում 9 մանդատ ունի, դրանք վայր դնելու ու չհամալրվելու պարագայում ԱԺ-ում կմնա 96 պատգամավոր՝ պահանջվող նվազագույնից 5-ով պակաս:

Այս պարագայում առաջարկության հեղինակների համոզմամբ, ՀՀ նախագահը ստիպված կլինի ԱԺ նոր, արտահերթ ընտրություններ նշանակել:

ԱԺ-ում ինքնալուծարման գաղափարը պաշտպանողներ չկան, բացի «Ելքից». Շարմազանով

Սահմանադրագետ Վարդան Այվազյանի կարծիքով, սակայն, սա ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է: «Այլ է հարցը, եթե մեր Աժ բոլոր խմբակցությունները միաժամանակ իրենց մանդատներից հրաժարվեն, համամասնական ցուցակների թեկածուներն էլ դուրս գան ցուցակներից: Այս պարագայում շատ ավելի արժանավայել ու ողջախոհ կլինի Աժ արտահերթ ընտրությունների գնալը»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց սահմանադրագետը՝ նշելով, որ մինչ այդ քաղաքական ուժերը քննարկումների արդյունքում պետք միասնաբար այս դիրքորոշմանը հանգեն ու բոլորը միասին հրաժարավեն իրենց մանդատներից:

Վարդան Այվազյանը, սակայն, այս տարբերակին այնքան էլ հակված չէ հավատալ: Նրա համոզմամբ, եթե խորհրդարանում նման քաղաքական ողջախոհություն լիներ, նրանք մանդատներից կհրաժարվեին դեռ ապրիլին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո:

Այսօր ստեղծված իրավիճակում սահմանադրագետի դիտարկմամբ ամենահավանական լուծումը վարչապետի հրաժարականն է ու ժողովրդի աջակցությամբ նոր արտահերթ ընտրությունների հասնելը: Վարչապետի երաշխիքն էլ ավելի շատ ժողովրդի աջակցությունն ու ժողովրդական ճնշումն է, քան խորհրդարանական ուժերի ողջախոհության վրա հույս դնելը: