ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. «Բարգավաճ Հայաստանից» ու ՀՅԴ-ից բաժանվելուց հետո Նիկոլ Փաշինյանը ստիպված է նոր ու նորմալ կադրեր ընտրել կառավարության թափուր պաշտոնների համար։
Երբ վերոնշյալ ուժերն ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու հարցում սատարեցին ՀՀԿ-ին, Նիկոլ Փաշինյանը հանրահավաքի ժամանակ հենց փողոցում ստորագրեց ԲՀԿ-ական ու դաշնակցական նախարարներին և մարզպետներին աշխատանքից ազատելու որոշումները։
Վարչապետին առայժմ չի հաջողվել բոլորին փոխարինողներ գտնել, բայց հաշվի առնելով, որ պետական ապարատում միայն նախարարներ ու մարզպետներ չեն աշխատում, և ավելի ցածր դասի պաշտոններ էլ կան, ստացվում է` աշխատատեղերի շրջանակը մեծանում է մի քանի անգամ։
Սոցցանցերում և ԶԼՄ-ներում պարբերաբար հոդվածներ են հայտնվում այն մասին, որ Փաշինյանի թիմը կարող է ՀՀԿ-ական կադրեր ներգրավել։
Հասարակական և քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր, Երևանի ավագանու նախկին անդամ Անահիտ Բախշյանի կարծիքով` անզեն աչքով էլ երևում է, որ վարչապետը կադրերի լուրջ պակաս ունի։
Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա ասաց, որ Փաշինյանը պետք է կադրեր ընտրի` հաշվի առնելով այդ մարդկանց պրոֆեսիոնալ հմտությունները, իսկ կուսակցական պատկանելությունն ու կենսագրական այլ մանրուքներ պետք է երկրորդ պլան մղվեն։
«Անկասկած, նախարարական պաշտոնները, նախևառաջ, քաղաքական պաշտոններ են։ Բայց երբ խոսքը վերաբերում է նրանց տեղակալներին, վարչության, բաժնի պետերին և այլն, ապա այդ դեպքում արդեն պետք է հաշվի առնեն այդ մարդկանց պրոֆեսիոնալիզմը», — ասաց նա։
Օրինակ` Փաշինյանը չպետք է հրաժարվի մարդկանց ներուժից ու մասնագիտական հմտություններից միայն այն պատճառով, որ նրանք ՀՀԿ-ական են եղել կամ կան։
«Կարելի է անսահման համակրել Փաշինյանին, այդ համակրանքի համար որևէ պաշտոն ստանալ, այնուհետև տապալել ամբողջ աշխատանքը, և հակառակը։ Օբյեկտիվ մոտեցում է պետք», — համոզված է Բախշյանը։
Միևնույն ժամանակ նա տարակուսում է, թե ինչու է վարչապետը պաշտոններից ազատում ԲՀԿ-ական և դաշնակցական նախարարներին ու մարզպետներին, բայց պաշտոնում թողնում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, որը նույնպես ԲՀԿ-ական է։
«ԲՀԿ-ական փոխվարչապետը մնաց, իսկ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը, որի աշխատանքից գոհ էին մարզի բնակիչները, հեռացավ։ Ինչո՞ւ։ Նա վատ չէր աշխատում, քաղաքացիները նրան դրական էին ընկալում, բայց Փաշինյանը դա հաշվի չառավ», — ավելացրեց Բախշյանը։
Նշենք, որ հոկտեմբերի 4-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով արդեն նշանակվել են երեք նոր նախարարները։ Գարեգին Բաղրամյանը նշանակվել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար, Հակոբ Արշակյանը` տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար, իսկ Ֆելիքս Ցոլակյանը` արտակարգ իրավիճակների նախարար։
Հայաստանի նոր կառավարության ձևավորումից հետո, մինչև հոկտեմբերի 3-ը նախարարական այդ աթոռներին նստում էին Արթուր Գրիգորյանը, Աշոտ Հակոբյանը և Հրաչյա Ռոստոմյանը։