ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի — Sputnik. Գիտնականներ Ջեյմս Լինդսին, Հելեն Փլաքրոուզը և Փիթեր Պողոսյանը մեկ տարի շարունակ կեղծ բովանդակությամբ հոդվածներ են գրել և գիտական աշխարհին դիտմամբ մոլորության մեջ են գցել։ Ամբողջ գիտական աշխարհը ցնցած սկանդալի մասին հայտնում է BBC-ն։
Հարգարժան գիտնականները անիմաստ, իսկ երբեմն էլ անհեթեթ հոդվածներ են գրել սոցիալական գիտության տարբեր բնագավառների մասին, որոնք ստուգումներ են անցել և տպագրվել հեղինակավոր ամսագրերում։ Նշենք, որ նրանք ներկայացել են կեղծանուններով։
Գիտնականները որոշել են ապացուցել, որ այդ ոլորտում գաղափարախոսությունը վաղուց է հաղթել է ողջամտությանը։
Առավել անհեթեթ հոդվածներից մեկը եղել է այն մասին, որ շների սեքսը պետք է դիտարկել բռնաբարության մշակույթի համատեքստում։ Այդ հոդվածը հատուկ մրցանակի է արժանացել։
Հիմա գիտնականները բաց նամակ են ուղարկել Areo ամսագրին` հայտնելով, որ իրենք այդ հոդվածներով սոցիալական փորձ են արել և համոզվել, որ սոցիալական ուսումնասիրությունների ոլորտում ճշմարտությունն արդեն վաղուց քչերին է հետաքրքրում։
Կարևորը գաղափարախոսական նորմերին համապատասխանելն է` բոլոր տեսակի կեղեքիչների դատապարտում և «ստորացվածներին և վիրավորվածներին» ուղղված աջակցություն։
Պողոսյանը, ինչպես գրում է պարբերականը, ամենահայտնին է այդ եռյակից։ Նա Պորտլենդի համալսարանի պրոֆեսորներից է։ Փիլիսոփայության գիտությունների թեկնածուն մասնագիտացել է դասավանդման փիլիսոփայության, քննադատական մտածողության ուղղությամբ, նաև բրիտանացի հայտնի կենսաբան և գրող Ռիչարդ Դոկինզի հիմնադրած «Հանուն գիտության և ողջամտության հիմնադրամի» անդամ է։ Պողոսյանը նաև գիրք է գրել «Ձեռնարկ աթեիստներ ստեղծելու մասին» (A Manual for Creating Atheists) վերնագրով։