ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. Երեկ՝ հոկտեմբերի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։10-ի սահմաններում Մաշտոց-Գրիգոր Լուսավորիչ-Պարոնյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի Նոր Արեշ թաղամասի բնակիչ՝ 46-ամյա Արշակ Ավշարյանի վարած Isuzu մակնիշի 336 VV 01 համարանիշի և Երևան քաղաքի Նար Դոսի փողոցի բնակիչ՝ 23-ամյա Լեոնիկ Հերքոյանի վարած «Բաբաջ» AG 007 մակնիշի մոտոցիկլետը։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով մոտոցիկլետը կողաշրջվել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։
Մինչ դեպքի վայրում աշխատել են ՃՈ հետաքննիչները, հիվանդանոցից տեղեկություն է ստացվել, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։
Ըստ կայքի` Ավշարյանն աշխատում է արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատում, և փրկարարները մեկնում էին կանչով դեպքի վայր և միացված են եղել լուսաձայնային ազդանշանները։
Կայքի տեղեկություններով՝ պարզվել է, որ փրկարարները 2-3 ահազանգ են ստացել կեղծ հրդեհների վերաբերյալ։ Եթե դրանք չլինեին, ողբերգական այդ դեպքը տեղի չէր ունենա։