ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. ԲՀԿ-ի քայլերում նահանջ չկա: Այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը` մեկնաբանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի երեկվա հայտարարությունները:
Լրագրողները հետաքրքրվեցին` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ելույթն արդյոք նշանակում էր, որ ԲՀԿ-ն հետքայլ է արել և համաձայն է դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն:
«Որևէ մեկը չի կարող դեմ գնալ ժողովրդի ցանկությանը։ Դինամիկ գործընթաց է քաղաքականությունը, և այսօր որևէ գրավոր փաստաթուղթ չկա, ասել ենք, որ բանակցությունները շարունակվում են», — նշեց ԱԺ փոխնախագահը։
Ինչ վերաբերում է հոկտեմբերի 2-ի երեկոյան ԱԺ-ում երեք քաղաքական ուժերի ներկայացուցիչների և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը, Մելքումյանն ասաց, որ քննարկվել է բանակցությունների 3 սցենար:
«Սցենար համար մեկ. կստորագրվի հուշագիր առ այն, որ առաջադրումներ չեն լինելու, բայց ընտրությունը լինելու է, ենթադրենք, գարնանը: Սցենար համար երկու. ընտրությունը լինում է դեկտեմբերին, բայց հուշագիր չի ստորագրվում: Սցենար համար երեք. հուշագիր ստորագրվում է, ընտրությունը տեղի է ունենում դեկտեմբերին: Սրանք տեղեկության փոխանակումներ են եղել. երբ կլինեն վերջնական շփումներ, բանակցություններ, կլինի վերջնական որոշում»,- ասաց նա` նշելով, որ ԲՀԿ-ն որոշում դեռ չունի:
Նշենք, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկ հարցազրույց է տվել «Կենտրոն» հեռուստաընկերությանը և ասել, որ եթե ժողովուրդը ցանկանա` ընտրությունները լինեն դեկտեմբերին, դրանք կլինեն դեկտեմբերին:
Հիշեցնենք` «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ավելի վաղ ասել էր, որ ԲՀԿ–ն դեմ է ԱԺ արտահերթ ընտրությունների հապշտապ անցկացմանը։