«Խելացի» համակարգեր` մեքենաների համար. հայկական տեխնոլոգիան կօգնի խուսափել վթարներից

Տեխնոլոգիան ոչ միայն փորձառու մասնագետներն են մշակում, այլ ուսանողներ և ասպիրանտներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. National Instruments ընկերության հայկական մասնաճյուղն ավտոմեքենաների համար «խելացի» համակարգեր է ստեղծում։ Համակարգի նոր մոդելը ներկայացրեցին Երևանում անցկացվող DigiTec 2018 ցուցահանդեսին։

Ճանապարհին նախկինի պես պետք է անձամբ հետևեք, սակայն համակարգը կօգնի այդ հարցում։ Եթե ավտոմեքենան սկսի շեղվել իր երթևեկելի գոտուց, ապա վարորդին ազդանշան կտրվի։ Իսկ եթե վթար սպառնա, ապա համակարգն ինքնուրույն կարգելակի։

Հայ ինժեներների մշակումները. hi-tech գնդացիրը զինվորին կփոխարինի առաջնագծում

«Դեռ փորձարկում ենք այդ համակարգը փոքր արագությունների համար», – ասում է National Instruments–ի հայկական գրասենյակի ներկայացուցիչ Ռուբեն Սիմոնյանը։

Համակարգը տեղադրել են էլեկտրոմոբիլի վրա և դրան ավելացրել էներգաարդյունավետ նորույթ։ Երբ վարորդը արգելակում է, մեխանիկական էներգիան վերափոխվում է էլեկտրականի և փոխանցվում մարտկոցին։

Տեխնոլոգիայի վրա աշխատում են ոչ միայն ընկերության մասնագետները, այլև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողներն ու ասպիրանտները։ ԱՄՆ–ում` ընկերության գլխամասում, ակտիվորեն կիրառում են հայ աշխատակիցների մշակումները և արդեն առաջարկներ կազմում ավտոմեքենաների խոշոր կոնցերների համար։

DigiTec ամենամյա ցուցահանդեսը ներկայացնում է «hi-tech»–ի ձեռքբերումները Հայաստանում։ Ցուցահանդեսի գլխավոր կազմակերպիչը Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն (UATE) է։