Շանտա՞ժ. աղջկա պատիվն արատավորող լուրը չտարածելու դիմաց քաղաքացուց մեծ գումար են պահանջել

Պահանջված գումարի մի մասը ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո փոխանցվել է նշված անձին, որից անմիջապես հետո նա բերման է ենթարկվել:
Sputnik

Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները քաղաքացուց հաղորդում են ստացել, որ դստեր մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով Երևան քաղաքում բնակվող երիտասարդ անձն իրենից պահանջել է առանձնապես խոշոր չափերով գումար:

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` շորթումը կատարող անձը, տևական ժամանակ կապի մեջ գտնվելով տուժողի հետ, վերջինիս իմացությամբ տեսանկարահանել է իրենց շփումների առանձին դրվագներ, որից հետո կապ է հաստատել ընկերուհու մոր հետ և նրանից պահանջել 6 մլն ՀՀ դրամ`սպառնալով դստեր մասին արատավորող տեղեկություններ պարունակող տեսագրությունները հրապարակել համացանցում:

Պահանջված գումարի մի մասը ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո փոխանցվել է նշված անձին, որից անմիջապես հետո նա բերման է ենթարկվել:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցված քրեական գործով  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (առանձնապես խոշոր չափերի շորթումը): Որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: