ԱԺ փոխնախագահը հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացրել ոստիկանություն

Պատճառը նրա եւ նրա ընտանիքի անդամների կյանքի դեմ պարբերաբար ուղղված սպառնալիքներն են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. Հարգելի գործընկերներ, այսօր ես հանցագործություն վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել ՀՀ Ոստիկանություն։ Այս մասին ֆեյսբուքում իր էջի միջոցով տեղեկացրել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե հովհաննիսյանը:

Արփինե Հովհաննիսյանն ադրբեջանական վերջին կրակոցների մասին տեղեկացրել է ԵԽԽՎ–ին

Ըստ նրա՝ պատճառը իր եւ իր ընտանիքի անդամների կյանքի դեմ պարբերաբար ուղղված սպառնալիքներն են։

«Միեւնույն ժամանակ հայտնում եմ, որ այսուհետ հետեւողական եմ լինելու, որպեսզի քաղաքացիաիրավական պատասխանատվության միջոցներ կիրառվեն իմ վերաբերյալ վիրավորական (հայհոյախառն)գրառումներ եւ մեկնաբանություններ կատարող եւ տարածող անձանց նկատմամբ։ Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները այս գրառումը կարող են դիտարկել որպես իրենց բոլոր հարթակներից, այդ թվում՝ ֆեյսբուքյան էջերից իմ վերաբերյալ վիրավորական(հայհոյախառն) գրառումների հեռացման առաջնային ծանուցում։ Ես դիմելու եմ դատարան յուրաքանչյուր մեկնաբանության եւ գրառման համար՝ հայցեր ներկայացնելով ներառյալ այն սուբյեկտների դեմ, ովքեր չեն հեռացրել կամ շարունակել են հարթակ տրամադրել վիրավորական(հայհոյախառն) գրառումների համար նույնիսկ ծանուցումից հետո։ Ես պատրաստվում եմ օգտվել իմ իրավունքների պաշտպանության ողջ իրավական գործիքակազմից՝ ընդհուպ մինչեւ դիմելով Մարդու իրավունքների Եվրոպական դատարան»,-գրել է Հովհաննիսյանը։

ԱԺ փոխնախագահը նաև տեղեկացրել է, որ լինելով քաջատեղյակ միջազգային չափանիշներին, սկզբունքներին, նախադեպերին՝ նա յուրաքանչյուր անգամ պատշաճ ծանուցելու է հայհոյանքների համար հարթակ տրամադրած եւ հարթակ դարձած լրատվամիջոցներին եւ անձանց, թեեւ ՀՀ օրենսդրությամբ եւ ՄԻԵԴ նախադեպերով վիրավորական մեկնաբանությունների հեռացման համար նախապես ծանուցելու պարտականություն սահմանված չէ։

Արփինե Հովհաննիսյանը սրանով հնարավորություն է տալու լրատվամիջոցներին ողջամիտ ժամկետներում հեռացնել նման մեկնաբանությունները, որպեսզի որեւէ կերպ չխոչընդոտվի ԶԼՄ գործունեությունը եւ որեւէ կերպ չխաթարվի խոսքի ազատությունը։

Նա շեշտել է, որ իր համար խոսքի ազատությունը եղել է եւ միշտ լինելու է բարձրագույն արժեք, սակայն մի բան պետք է հստակ լինի բոլորի համար՝ հայհոյանքը չի կարող անպատիժ մնալ։