ՌԱԴԻՈ

Թունյան. «Օտարերկրյա ներդրողները վախենում են քայլ անել Հայաստանում»

Քաղաքական իրադարձությունները, հատկապես համապետական ընտրությունները, մեծ ազդեցություն ունեն տնտեսական իրավիճակի վրա։ Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում նման տեսակետ հայտնեց տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանը։
Sputnik
Բաբկեն Թունյան

«Այս գործընթացները ենթադրում են անորոշություն և սպասում, այն գործարարների վրա մեծ ազդեցություն ունի։

Դժվար է ասել, թե տնտեսությունն այդ ընթացքում չի զարգանա, բայց դա արգելակում է զարգացումը։ Մարդիկ գործարքները հետաձգում են, մինչև պարզ դառնան խաղի իրենց կանոնները։ Օրինակ` շարքային ընտրությունների ժամանակ, երբ կանխատեսելի արդյունքներ են, էլի գործարար ակտիվությունը նվազում է։ Իսկ հատկապես նման իրավիճակներում, երբ փոխադարձ վստահության խորը ճգնաժամ կա, օտարերկրյա ներդրողները վախենում են քայլ անել, որովհետև անգամ ներսի գործարարները չեն պատկերացնում ինչ է սպասվում»,–ասում է Թունյանը։

Նրա կարծիքով` ինչքան էլ տհաճ է լսելը, բայց խոշոր ներդրողի համար ավելի նախընտրելի է աշխատել կոռումպացված երկրում, որտեղ խաղի կանոններն իր համար հստակ են, քան այնտեղ, ուր ամեն րոպե կարող են խաղի կանոններ փոխվել։