«Մայրս պարել է Շառլի հետ». Զուրաբիշվիլին պատմել է «անհայտ» Ազնավուրի մասին

Վրաստանի նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին պատմել է իր մոր և աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. Վրաստանի նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի մայրը և աշխարհահռչակ ֆրանսիահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը ծանոթ են եղել երիտասարդ տարիներին։ Այդ մասին Զուրաբիշվիլին պատմել է Նինոծմինդայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

«Ես ծնվել եմ Ֆրանսիայում։ Այսօր Հայաստանում և Ֆրանսիայում, ինչպես նաև Սամցխե–Ջավախքի շրջանում, որտեղ ծնվել է Շառլ Ազնավուրի հայրը, սգո օր է։ Խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգել նրա հիշատակը», – ասել է Զուրաբիշվիլին հանդիպման ժամանակ։

Ֆրանսիայի նախագահ Մակրոնն արձագանքեց Շառլ Ազնավուրի մահվան լուրին

Նա նշել է, որ Ազնավուրի ընտանիքն արտագաղթել է, ինչպես և իր ընտանիքը 20–րդ դարի սկզբին, երբ միգրանտները բառացիորեն լցվել են Ֆրանսիա։

«30–ականներին, ինչպես պատմում էր մայրս, երբ նրանք եղել են 20 տարեկան, նա և Ազնավուրը, որը դեռ հայտնի չէր, միասին պարել են Փարիզի ջազային ակումբներից մեկում», – հիշել է Զուրաբիշվիլին։

Նա նշել է, որ Ազնավուրի հայրը ծնունդով եղել է Վրաստանից, և մեծ մաեստրոն միշտ հիշել է այդ մասին։

Հիշեցնենք, որ 2018 թվականի հոկտեմբերի 1-ին Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը 94 տարեկան հասակում կյանքից հեռացավ Շառլ Ազնավուրը։ Նշանավոր ֆրանսիահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը (իսկական անունը` Շահնուր Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է 1924թ.-ի մայիսի 22-ին Փարիզում, հայ գաղթականներ Միքայել և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Մանուկ հասակում տարվել է թատրոնով, իսկ 1940-ական թթ. Պիեռ Ռոշի հետ հանդես է եկել կաբարեում։

Համաշխարհային հռչակ է ձեռք բերել 1956թ.-ին Փարիզի դահլիճներից մեկում հաջող ելույթից հետո։ Նրա գրած երգերը կատարել են Էդիտ Պիաֆը, Լայզա Մինելին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Հուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չարլզը և այլք։

Շառլ Ազնավուրը միջազգային ասպարեզում ռեկորդային թվով ձայնասկավառակ է վաճառել (180 մլն)։