ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն հայտարարություն է տարածել, որում կոչ է արել Հայաստանի քաղաքական ուժերին փոխադարձ հարգանք դրսևորել։
«Մտահոգությամբ ենք հետևում Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումներին: Սփյուռքը անտարբեր վիճակում չի կարող մնալ: Սփյուռքը Հայաստանի անանջատելի մասն է, անելիք ու ասելիք ունի հայրենիքի դիմագրավող մարտահրավերների ու տագնապների նկատմամբ», — ընդգծել է Արամ Ա-ն։
Կաթողիկոսը կարծում է, որ հայրենիքի ընդհանրական, մնայուն ու գերագույն շահերը պետք է վեր դասել անհատական կամ կուսակցական, կողմնակի կամ ժամանակավոր շահերից: Հայրենիքն ամեն գնով, հարկ եղած դեպքում փոխադարձ զիջումներով, պետք է հեռու պահել ներքին վայրիվերումներից ու վտանգավոր կացություններից:
«Փոխադարձ ապստամբություններով, արհամարհանքով ու անվստահությամբ տիրապետված ներկայիս քաղաքական մշակույթը պետք է տեղի տա փոխադարձ սիրո, հանդուրժողականության, հարգանքի մշակույթին, ինչպես նաև բաժանարար մոտեցումները՝ միարար մտածողության ու հավաքական որոշումների դիմաց», — նշել է Արամ Ա-ն։
Նա նշել է, որ ժողովրդի միասնականությունն ու հայրենիքի անվտանգությունն ամեն բանից առաջ ու վեր պետք է դասել։
Հիշեցնենք` հոկտեմբերի 2-ին, երկրորդ և վերջնական ընթերցմամբ ԱԺ-ն 67 կողմ քվեներով ընդունեց «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը, ըստ Նիկոլ Փաշինյանի և «Ելքի» պատգամավորների, վարչապետի հրաժարականից հետո թույլ կտա խափանել արտահերթ ընտրությունների անցկացումը: Օրինագծին կողմ էին քվեարկել ՀՀԿ, ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները։ Դրանից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով քաղաքացիները հավաքվել էին Բաղրամյան պողոտայում և շրջափակել ԱԺ շենքը: Խորհրդարանական ուժերի հետ հանդիպումից հետո վարչապետը հայտարարեց, որ քաղաքական առումով աննախադեպ հանդիպում էր, և որ ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան այս տարվա դեկտեմբերին: