ՌԱԴԻՈ

Գասպարյան. «Ներդրողներն ընտրություններին չեն սպասում»

Վարչապետի գլխավոր խորհրդականն այսօր լրագրողների հետ զրույցում չի համաձայնել Փաշինյանի` ավելի վաղ արված հայտարարության հետ։
Sputnik
Արսեն Գասպարյան

Ներդրողները ոչ մի բանի չեն սպասում, այդ թվում` նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը։ Այս մասին այսօր լրագրողների հետ  զրույցում ասաց վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը` անդրադառնալով ԱԺ արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ստեղծված քաղաքական իրավիճակն ազդում է երկրում ներդրումների վրա։

Արտասահմանցի ներդրողները սպասում են արհեստական խոչընդոտների վերացմանը

«Օգոստոս–սեպտեմբերին իմ գրասենյակ շատ–շատ ներդրողներ են եկել աշխարհի շատ երկրներից։ Եվ պիտի ասեմ, որ քաղաքական փոփոխությունները, որ տեղի ունեցան մեր երկրում, շատ դրական են ընկալվում գործարարների կողմից, անկախ նրանից` այդ գործարարներն Ասիայից են, Եվրոպայից են, Ամերիկայից են»,– ասաց նա։

Եթե անգամ ընտրությունները տեղի ունենան հաջորդ տարի ապրիլ– մայիսին, դա, Գասպարյանի համոզմամբ, ներդրումների վրա որևէ բացասական ազդեցություն չի ունենա։

Գասպարյանը նշեց, որ օտարերկրյա ներդրողների համար կարևոր մեսիջ էր նաև Երևանի ավագանու ընտրություններում ընտրողների ավելի քան 80 տոկոսի վստահությունը։ Այս տեսակետից կարևոր է, որ նույն կերպ անցնեն նաև համապետական ընտրությունները։

«Ներդրողները, որ եկել են մեր գրասենյակ, առաջին հերթին նշում են այս քաղաքական փոփոխությունը, որ տեղի ունեցավ։ Այսինքն` ներդրողին և օտարերկրյա գործարարին առաջին հերթին հետաքրքրել է քաղաքական այն փոփոխությունը, որ տեղի է ունեցել»,– ասաց Գասպարյանը։

Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը, խոսելով արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտության մասին, համոզմունք էր հայտնել, որ դրանք անհրաժեշտ են Հայաստանում ներդրումներ ապահովելու և բիզնեսին վստահություն ներշնչելու համար: