Հայաստանն ու Իրանը էլեկտրոնային մաքսային տեղեկություններ կփոխանակեն

Այդ տվյալները կողմերը կօգտագործեն առևտրի անվտանգությունն ապահովելու և օրինական կոմերցիան հեշտացնելու նպատակով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի կառավարությունն այսօր հավանություն տվեց հայ-իրանական արձանագրությանը, որը երկու երկրների սահմանները հատող տրանսպորտային միջոցների և ապրանքների մասին էլեկտրոնային մաքսային տեղեկությունների փոխանակում է նախատեսում։

Ի՞նչը կամ ո՞վ կարող է ստիպել Հայաստանին «ընկերություն» չանել Իրանի հետ

«Հավանություն տալ արձանագրությանը, որը ստորագրվել է Հայաստանի պետեկամուտների կոմիտեի և Իրանի մաքսային վարչության միջև նախնական էլեկտրոնային տեղեկություն փոխանակելու մասին` կապված տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային փոխադրումների հետ։ Փաստաթուղթն ուղղորդել նախագահի ստորագրմանը», — նշված է կառավարության որոշման մեջ, որի նախագիծը ներկայացրեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

Արձանագրության համաձայն` կողմերը պատրաստակամություն են հայտնում էլեկտրոնային տվյալներ փոխանակել տրանսպորտային միջոցների և ապրանքների մասին, որոնք ստացվել են մաքսային հայտարարագրեր կազմելիս, բացառությամբ ապրանքների, որոնք տեղափոխում են ձեռնարկատիրությամբ չզբաղվող ֆիզիկական անձինք։

Կողմերը մտադիր են ստացված տեղեկություններն օգտագործել առևտրի անվտանգությունը և օրինական կոմերցիայի հեշտացումն ապահովելու նպատակով։ Տեղեկություններից օգտվելը սահմանափակ է, և կողմերը չեն կարող դրանք տրամադրել երրորդ կողմին առանց համաձայնեցման։