Երկրպագուի աչքերով. Արոնյանի «արկածները» Բաթումի շախմատային օլիմպիադայում

Sputnik–ի սյունակագիր Օլեգ Դմիտրիևը մտորում է Բաթումում անցկացվող շախմատային օլիմպիադայում հայկական հավաքականի առաջնորդի խաղի մասին։
Sputnik

Լևոն Արոնյանը հինգերորդն է։ Դրա վկայությունն է Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի նոր վարկանիշը, որը հրապարակվել է շաբաթվա սկզբին, երբ Բաթումում շախմատի համաշխարհային օլիմպիադա է ընթանում։ Մրցաշարն անկանխատեսելի է բոլոր թիմերի համար։ Մեկ անգամ սայթաքեցիր, ամբողջ աշխարհում ընդունված «շվեյցարական համակարգը» իջեցնում է քեզ մրցաշարային աղյուսակում։ Հաղթեցիր գեթ մեկ խաղում, կարող ես վերջնական հաղթանակ ակնկալել մրցաշարում։

Լևոն Արոնյանն առաջին տեղում է. «Սինքվիլդի գավաթն» ավարտվեց

Արոնյանի և իր թիմի համար այս օլիմպիադան ինքնատիպ ճոճանակ է։ Մրցաշարի կեսին ամենացածր կետը 17-րդ հորիզոնականն էր, հետո երկու տուրի արդյունքում կտրուկ թռիչք եղավ դեպի 4-րդ հորիզոնական։ Եկեք տեսնենք` ինչի միջով անցավ Արոնյանը Բաթումի «մարտերի» ընթացքում։

Նախ` հայ շախմատիստի երկրպագուներից շատերը երիտասարդ են և հանդուգն։ Բելառուս Վլադիսլավ Կովալյովը նրանցից մեկն է։ 7-րդ տուրում Մինսկի բնակիչը սպիտակներով էր խաղում, և սևերի ճամբարի վրա հարձակումը հզոր էր։ Չորս ձիերի բաց դեբյուտից հետո Արոնյանը բավականին արագ խելքի եկավ և թույլ չտվեց բելառուսին զարգացնել բոլոր ֆիգուրները։ Հենց խելամտությունն ու հանգստությունն օգնեցին Լևոնին ագրեսիվ հակառակորդին արագ ստիպել համաձայնել ոչ-ոքիի։ Այդ վստահությունը փոխանցվեց նաև Արոնյանի ավելի երիտասարդ գործընկերներին, որոնք Բելառուսի դեմ խաղում հաղթանակ տարան նվազագույն` 2.5:1.5 հաշվով։

Երկրորդ` Արոնյանի զգուշավորությունը միշտ չէ, որ օգնում է կտրուկ գրոհումներ իրականացնել սպիտակներով խաղալու ժամանակ։ Դա հատկապես զգացվում էր ավելի ցածր վարկանիշ ունեցող շախմատիստների դեմ մեկնարկային պարտիաներում։ Անկախ հաղթանակից, Լևոնը չափազանց զգուշավոր էր Ղազախստանի ներկայացուցիչ Ռինատ Ժումաբաևի հետ մեկնարկային խաղում։ Արոնյանը չկարողացավ կտրուկ գրոհել նաև մակեդոնացի Կիրիլ Գեորգիևի դեմ խաղում. պարտիան ավարտվեց ոչ-ոքի։

Թուրքիայի և Իրանի միջով` Հայաստան. Լևոն Արոնյանի կինը կօգնի հայ մանուկներին

Երրորդ` իրավիճակը ճիշտ գնահատելու հարցում Արոնյանին կրկին օգնում է փորձը. հույն Բանիկասի դեմ խաղում Լևոնը, ինչպես ասում են, «սպասեց մինչև վերջ»։ Նրա սև խաղաքարերը պարտիայի կեսերին սեղմված էին անկյունում, բայց խաղի վերջում նա կարողացավ և՛ զարգացնել, և՛ գրոհ կազմակերպել խաղատախտակի ողջ երկայնքով։ Հենց այդ նուրբ հաշվարկն էլ հաղթանակ բերեց Լևոնին։

Փորձ, զգուշավորություն, հաշվենկատություն։ Նույնը կարելի է ասել նաև շախմատային աշխարհի մյուս առաջնորդների մասին, որոնք պայքարում են Բաթումում հաղթանակի հասնելու համար. նույնքան նյարդային և ոչ կանոնավոր մրցաշարում խաղում են նաև մյուս հսկաները` ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը և հնդիկ Վիշի Անանդը։ Առջևում վճռորոշ ռաունդներն են, և այստեղ, ինչպես ինձ թվում է, հաղթանակի համար մի բան է պետք` պրագմատիզմի բարձր աստիճան, ինչին Արոնյանը լավ է տիրապետում։