Սպանված Խաչատուրյանի բարեկամները բողոքարկել են մեկուսարանից 3 քույրերին ազատ արձակելու դեմ

Փաստաբանները դատարանին խնդրում են թույլ տալ աղջիկներին շփվել մամուլի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. Մոսկվայում իրենց հորը սպանած Խաչատուրյան քույրերի փաստաբանները խնդրում են դատարանին թույլ տալ աղջիկներին շփվել լրագրողների, բարեկամների հետ և զանգահարել իրենց պաշտպաններին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին է հայտնել փաստաբան Ալեքսեյ Լիպցերը։

Խաչատուրյան քույրերից երկուսը մեկուսարանից դուրս գալուց հետո փակվել են տանը. փաստաբաններ

«Մենք բողոքարկել ենք դատարանի սահմանած արգելքները, մասնավորապես, բարեկամների և այլ մարդկանց հետ շփվելը, որոնց հետ հանդիպելու են առօրյայում, խանութներում և այլն։ Այժմ դատարանի որոշմամբ նրանք կարող են զրուցել միայն փաստաբանների և քննիչի հետ։ Բացի այդ նրանց արգելվում է օգտվել հեռախոսներից։ Խնդրում ենք, որ նրանց հնարավորություն տրվի զանգահարել փաստաբաններին», – ասաց Լիպցերը։

Նրա խոսքով` դատարանի արգելքը ներկայիս ձևակերպմամբ հնարավոր չէ կատարել։

«Բացի այդ, մենք խնդրում ենք դատարանին թույլ տալ նրանց շփվել մամուլի հետ», – ավելացրեց պաշտպանը։

Փաստաբանի խոսքով` տուժածների ներկայացուցիչները նույնպես բողոք են ներկայացրել։ «Նրանք վիճարկել են խափանման միջոցը փոխելու փաստը։ Դեռ դատական նիստի ժամանակ նրանք բողոքում էին աղջիկներին ազատ արձակելու դեմ, այնպես որ դա մեզ համար անսպասելի չէր», – պարզաբանել է Լիպցերը։

Ավելի վաղ սպանված Միխայիլ Խաչատուրյանի բարեկամները, մասնավորապես` մայրն ու քույրը, հայտարարել էին, որ աղջիկները նախապես են ծրագրել սպանությունը, իսկ այդ հարցում նրանց ուղղություն է տվել մայրը (Աուրելիա Դունդուկը) և մորական տատը (Լարիսա Տոդիկան)։

Խաչատուրյան քույրերը թիկնապահի կարիք ունեն. ընտանիքի մտերիմ ընկերուհի

Հիշեցնենք` աղմկահարույց սպանությունը տեղի է ունեցել հուլիսի 27-ին Մոսկվայի հյուսիս-արևելքում։ Երեք քույրերը հայտնել էին, որ սպանել են իրենց հորը` Միխայիլ Խաչատուրյանին։ Հարցաքննության ժամանակ քույրերը խոստովանել էին իրենց մեղքը և բացատրել, որ «իրենք վատ հարաբերություններ են ունեցել հոր հետ, քանի որ հայրը տարիներ շարունակ բարոյապես տանջել է նրանց»։ Մոսկվայի Օստանկինյան դատարանը օգոստոսի 2-ին կալանավորել էր երեք քույրերին։ Սեպտեմբեր 27-ին Մոսկվայի Բասմանյան դատարանը հավանություն է տվել Խաչատուրյան քույրերի կալանքը «որոշակի գործողությունների արգելքով» փոխարինելու միջնորդությանը։ Նրանք տեղավորվել են առանձին բնակարաններում։ Այժմ մեղադրյալներին արգելվում է գիշերային ժամերին լքել բնակության վայրը և որևէ մեկի հետ շփվել առանց Պատժի կատարման դաշնային ծառայությանը տեղեկացնելու։

Բացի Պատժի կատարման դաշնային ծառայության աշխատակիցներից և աղջիկների պաշտպաններից, մյուսների հետ աղջիկները կշփվեն միայն քննիչի թույլտվությամբ։ Բացառություն է արվել Մարիայի համար, նրան թույլ են տվել շփվել մոր հետ, քանի որ մայրը նրա օրինական ներկայացուցիչն է։