Ֆրանսիայի նախագահը հայերեն գրառում է արել Ազնավուրի մասին

Էմանուել Մակրոնը գրել է, որ Ազնավուրին Հայաստան էր հրավիրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերին — Sputnik. Աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը պետք է Հայաստան գար։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այս մասին գրել է Twitter-ի իր միկրոբոլոգում։ Ի դեպ, նա հայերեն է գրել։

«Նրան հրավիրել էի միանալ իմ գալիք այցին Երևանի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, ուր երգելու էր։ Հայ ժողովրդի հետ բաժանելու ենք ֆրանսիացի ժողովրդի սուգը»,- գրել է նա։

​Նշենք, որ երեկ Ազնավուրի մահվան լուրը ստանալուն պես Մակրոնը գրել էր. «Ազնավուրը երեք սերունդ ուղեկցեց և՛ ուրախության, և՛ տխրության մեջ։ Նրա գլուխգործոցները, նրա տեմբրը, նրա անկրկնելի լույսը վարպետից հետո դեռ երկար կապրեն»։

94 տարեկան Ազնավուրը մահացավ 2018 թվականի հոկտեմբերի 1-ին Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը։ Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը (իսկական անունը` Շահնուր Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է 1924թ.-ի մայիսի 22-ին Փարիզում՝ հայ գաղթականներ Միքայել և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Մանուկ հասակում տարվել է թատրոնով, իսկ 1940-ական թթ. Պիեռ Ռոշի հետ հանդես է եկել կաբարեում։

Համաշխարհային հռչակ է ձեռք բերել 1956թ.-ին Փարիզի դահլիճներից մեկում հաջող ելույթից հետո։ Նրա գրած երգերը կատարել են Էդիտ Պիաֆը, Լայզա Մինելին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Հուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չարլզը և այլք։

Շառլ Ազնավուրը միջազգային ասպարեզում ռեկորդային թվով ձայնասկավառակ է վաճառել (180 մլն)։