Էյֆելյան աշտարակը ոսկեգույն են «ներկել» Ազնավուրի պատվին. տեսանյութ

Էյֆելյան աշտարակի տարածքում հնչում են Շառլ Ազնավուրի երգերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. Ֆրանսիայի մայրաքաղաքի խորհրդանիշ համարվող Էյֆելյան աշտարակն ի հիշատակ Շառլ Ազնավուրի ոսկեգույն է դարձել։ Այս մասին հայտնում է France Info-ն։

Բացի այդ, քաղաքապետ Անն Իդալգոն առաջարկել է քաղխորհրդին Փարիզի փողոցներից կամ զբոսայգիներից մեկն անվանել ի պատիվ Ազնավուրի։

«Փարիզը հարգանքի տուրք է մատուցում Շառլ Ազնավուրին։ Սենի վրայով անցնող կամրջի վրա կհնչեն նրա ամենագեղեցիկ երգերը, նրա դիմանկարները կհայտնվեն մեծ էկրաններին։ Էյֆելյան աշտարակը կվառվի ոսկեգույն լույսերով», — ասել է նա։

​Երգչուհի Միրեյ Մատյոն, Ֆրանսիայի խորհրդարանի և Սենատի անդամները լեգենդար երգչի հիշատակին նվիրված սգո արարողություն են նախաձեռնել։

​Նշենք, որ երեկ` Երևանի Ազնավուրի հրապարակում հազարավոր մարդիկ էին հավաքվել և մոմեր էին վառել երգչի աստղի մոտ։ Ազնավուրի հրապարակում հարգանքի տուրք էին մատուցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կառավարության անդամները։

Նշենք, որ 94 տարեկան Ազնավուրը մահացավ 2018 թվականի հոկտեմբերի 1-ին Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը։