ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. Ի հիշատակ Ազնավուրի, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ամենամյա նոր կրթաթոշակ կտրամադրի՝ որպես Երախտագիտության կրթաթոշակ: Այս մասին տեղեկացնում է IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժինը։
«Այս կրթաթոշակները տրվում են ի երախտիք ավելի քան հարյուր տարի առաջ Հայոց ցեղասպանության տարիներին հայերին ապաստան ու սնունդ տված երկրների ժողովուրդներին: Ազնավուրն այն մարդկանցից էր, որը Ֆրանսիայում ստացավ ապաստան և փառքի հասավ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Շառլ Ազնավուրի անվան ամենամյա կրթաթոշակը Ֆրանսիայից կամ ֆրանսախոս երկրներից ուսանողներին հնարավորություն կտա սովորելու UWC Դիլիջան միջազգային դպրոցում: Այս կրթաթոշակը կմիավորի Ազնավուրի երկու հայրենիքները՝ Հայաստանն ու Ֆրանսիան, և մեզ էլ կտա հնարավորություն փառավորելու այդ կապերը և շարունակելու երախտապարտ լինել Ազնավուրին սերունդներ շարունակ:
Ազնավուրը «Ավրորա» մրցանակի շնորհման 2016թ. և 2017թ.արարողությունների ամենակարևոր մասնակիցներից մեկն է եղել:
Շառլ Ազնավուրը ներկայացնում էր հայ մարդու պատմությունը: Լինելով փախստականների զավակ՝ նա դարձավ համաշխարհային կուռք, որն իր երաժշտությամբ և բնույթով մարդկայնության և մարդասիրության ուղերձներ էր հղում համայն աշխարհին:
Նրա հմայքը, մարդու նկատմամբ անկեղծ սերը նրան հայտնի դարձրին ողջ աշխարհով մեկ: Մենք կհիշենք նրան այն ամեն համար, ինչ տվեց մեզ՝ սեր, եռանդ, ինքներս մեր և մեր մերձավորների նկատմամբ հավատ: Նա տարածեց այս ամենը՝ իբրև դերասան և երգիչ, իբրև մարդասեր և բարերար: Նա երբեք չի մոռացվի՝ առհավետ մնալով մեր սրտերում:
Համաշխարհային հռչակ է ձեռք բերել 1956թ.-ին Փարիզի դահլիճներից մեկում հաջող ելույթից հետո։ Նրա գրած երգերը կատարել են Էդիտ Պիաֆը, Լայզա Մինելին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Հուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չարլզը և այլք։
Շառլ Ազնավուրը միջազգային ասպարեզում ռեկորդային թվով ձայնասկավառակ է վաճառել (180 մլն)։