ՌԱԴԻՈ

Մնացականյան. «Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մենք Ազնավուրին սպասում էինք Երևանում»

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը համոզված է, որ մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրի կյանքը ճիշտ ապրելու օրինակ է։
Sputnik
Մնացականյան. «Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մենք Ազնավուրին սպասում էինք Երևանում»

Աշխարհահռչակ ֆրանսիահայ շանսոնյե Շառլ Ազնավուրին սպասում էին Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում։ Այս մասին լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։

Նա այցելեց Շառլ Ազնավուրի տուն–թանգարան` Սգո մատյանում գրառում թողնելու համար։

Ֆրանսիայի նախագահը հայերեն գրառում է արել Ազնավուրի մասին

«Երեկ շատ ծանր և հուզիչ էր։ Սակայն հիմա հասկանում ես, թե որքան հպարտ ես, որ մեկ սիրտը կիսվել է ամբողջ աշխարհի համար։ Նրա խոսքերը, երգերը, այն ամենն, ինչ արել է, մեզ բոլորիս համար ուղեցույց է, թե ինչպես պետք է ապրել կյանքը», – ասաց Մնացականյանը։

Նա խոստովանեց, որ վերջին անգամ Ազնավուրի հետ շփվել է ԱՄՆ–ում 2017 թվականին։

Նշենք, որ 2018 թվականի հոկտեմբերի 1-ին Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը 94 տարեկան հասակում կյանքից հեռացավ Շառլ Ազնավուրը։ Նշանավոր ֆրանսիահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը (իսկական անունը` Շահնուր Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է 1924թ.-ի մայիսի 22-ին Փարիզում, հայ գաղթականներ Միքայել և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Մանուկ հասակում տարվել է թատրոնով, իսկ 1940-ական թթ. Պիեռ Ռոշի հետ հանդես է եկել կաբարեում։

Համաշխարհային հռչակ է ձեռք բերել 1956թ.-ին Փարիզի դահլիճներից մեկում հաջող ելույթից հետո։ Նրա գրած երգերը կատարել են Էդիտ Պիաֆը, Լայզա Մինելին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Հուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չարլզը և այլք։

Շառլ Ազնավուրը միջազգային ասպարեզում ռեկորդային թվով ձայնասկավառակ է վաճառել (180 մլն)։