ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. «ԱԺ–ում ներկայացվել է մի օրենքի նախագիծ, որի ֆորմալ հեղինակը ՀՀԿ խմբակցության մի պատգամավոր է»։ Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ԱԺ արտահերթ ընտրությունների ժամկետները հստակեցնելուց հետո, ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման միջոցով։
«Այդ նախագծի նպատակն արտահերթ ընտրությունները կանխելն է, այսինքն` եթե ԱԺ նիստը ինչ-որ պատճառով տեղի չի ունենում, ապա կարող է համարվել, որ այդ նիստը ոչ թե չի կայացվել, այլ ընդհատվել է»,–նշեց Փաշինյանն ու ներկայացրեց իր տեսակետը հակահեղափոխականության մասին։
Վարչապետի կարծիքով` այն ուժերը, որոնք մասնակցել են այս նախագծի ստեղծմանը և պատրաստվում են կողմ քվեարկել, իրենց բացահայտում են որպես հակահեղափոխական ուժ։
«Բոլոր նրանք, ովքեր կողմ կքվեարկեն այս նախագծին, քաղաքական պատերազմ կհայտարարեն ժողովրդին։ Հարցի քվեարկությունը նախատեսվում էր այսօր ցերեկը։ Ես հեռախոսազրույց ունեցա Արա Բաբլոյանի և ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ և ասացի` եթե հիմա այդ քվեարկությունը չհետաձգվի, ես ստիպված կլինեմ ուղերձով դիմել ժողովրդին և աջակցություն խնդրել։ Այդ նախագիծը չդրվեց քվեարկության»,–ասաց Փաշինյանը։
Նա տեղեկացրեց, որ այցելել է ԱԺ և հանդիպել Բաբլոյանի և Բաղդասարյանի հետ և կրկնել իր դիրքորոշումը։
«Հակառակ դեպքում ստիպված ենք լինելու դուրս գալ հրապարակ»,–ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով` ԱԺ ընտրությունները չեն կայանա միայն մի պարագայում, եթե պարզվի, որ ՀՀ քաղաքացիներն այդ գաղափարը չեն պաշտպանում։