Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի եղբորն ազատեց պաշտոնից

Լևոն Սարգսյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լևոն Սարգսյանին հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատելու որոշում է ստորագրել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

«Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով` Լևոն Սարգսյանին ազատել հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից»,- նշված է որոշման տեքստում:

Փաշինյանը որոշումը ստորագրել է երեկ` հոկտեմբերի 1-ին։

Նշենք, որ Լևոն Սարգսյանն այլևս չի զբաղեցնում Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) աստվածաբանության ֆակուլտետի հայ եկեղեցու և եկեղեցաբանության ամբիոնի վարիչի պաշտոնը։ Նա նաև ղեկավարում էր Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի «Մատենադարան» գիտահետազոտական ինստիտուտի հոգաբարձուների խորհուրդը: Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանն ավելի վաղ հայտնել էր, որ Սարգսյանն այլևս կապ չունի այդ հաստատության հետ:

Լևոն Սարգսյանի նկատմամբ հայտարարված է հետախուզում: Առկա է Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը՝ նրան կալանավորելու վերաբերյալ: Նա մեղադրվում է ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու համար: