«Լուսավոր Հայաստանը» պատրաստ է արտահերթ ընտրությունների. Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտնեց` ինչպես ու ինչ ֆորմատով են մասնակցելու ԱԺ արտահերթ ընտրություններին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. «Լուսավոր Հայաստանն» աջակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` գործող խորհրդարանը ցրելու և ԱԺ արտահերթ ընտրություններ կազմակերպելու նախաձեռնությանը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության նախագահ, պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Պատգամավորը դժվարացավ արտահերթ ընտրությունների հստակ ժամկետ նշել, բայց ասաց, որ երբ էլ դրանք լինեն, իրենք պատրաստ են:

«Դրա համար վարչապետը բանակցություններ կանցկացնի քաղաքական ուժերի հետ, որի արդյունքում կգան կոնսենսուսի: Քաղաքական կայունության խնդիր կա, որը կարող է լինել ընտրություններից հետո, որպեսզի իշխող ուժը քաղաքական հենարան ունենա խորհրդարանում»,- ասաց նա:

Մարուքյանը նաև հայտնեց, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են նույն` «Լույս» դաշինքով, բայց պատրաստեն ընդլայնել այն:

Ի՞նչ նպատակ ունի ՀՀԿ-ն. ԱԺ-ն ցրելը կանխող նախագիծ

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտնել էր, որ պետք է արագացնել ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը։

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանն էլ սեպտեմբերի 27-ին կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասել էր, որ ՀՀԿ-ն պատրաստ է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, եթե դրանք կայանան։

Երեկ` հոկտեմբերի 1-ին, Փաշինյանըհանդիպել էր Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ, որը հանդիպումից ասել էր` կարողացել են ձեռք բերել նորմալ պայմանավորվածություններ: